Մանվել Գրիգորյանը գիշերը կոմայի մեջ է ընկել. մանրամասներ

Մանվել Գրիգորյանը Գր. Լուսավորիչ ԲԿ–ում է այժմ բուժում ստանում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Գեներալ Մանվել Գրիգորյանը գիշերը կոմայի մեջ է ընկել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպաններից Արսեն Մկրտչյանը։

«Գիշերը «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում նա կտրուկ վատացել է, կոմայի մեջ ընկել։ Առավոտյան այցելել եմ նրան, արդեն դուրս էր եկել կոմայից»,–նշեց Մկրտչյանը։

Եթե Մանվել Գրիգորյանը մեկ օր էլ բուժում չստանա, կարող է կոմայի մեջ ընկնել. պաշտպան

Հիշեցնենք, որ Գրիգորյանը 2 օր է` հրաժարվել է բուժումից, քանի որ նրան իր կամքին հակառակ «Նաիրի» ԲԿ–ից տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց։

«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի վիրաբուժության գծով տնօրենի տեղակալ Արտակ Մանուկյանը հունիսի 6–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը ծանր է, շնչում է թթվածնի օգնությամբ։

Հիշեցնենք, որ մայիսի 4-ին Մանվել Գրիգորյանի պաշտպանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել ոստիկանություն` ասելով, որ նրան «Նաիրի» ԲԿ–ից իր կամքին հակառակ են տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց։

Նույն օրը Գրիգորյանի և նրա կնոջ` նույն գործով ամբաստանյալ Նազիկ Ամիրյանի դատական նիստն էր, որին Գրիգորյանը չէր մասնակցում` առողջական խնդիրների պատճառով։ Մեղադրյալի բացակայության պատճառով էլ դատարանը որոշեց հետաձգել նիստը։ Հաջորդ դատական նիստը կկայանա հունիսի 11–ին, ժամը 12–ին։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է 6 հոդվածով` ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նրան մեղադրանք է առաջադրվել 2018 թ. հունիսի 19-ին։