Կանայք կրկին խաբվածի դերում են. Sasstex-ի ղեկավարությունը չկատարեց խոստումը

Աշխատավարձի չափից ու վատ պայմաններից դժգոհ կանանց համար արդեն անտանելի է դարձել ղեկավարության անտարբեր պահվածքը։ Նրանք նույնիսկ չգիտեն` ինչ է իրենց տնօրենի անունը, չեն հասկանում` ով կարող է իրենց հարցը լուծել, բայց նաև չեն պատրաստվում հրաժարվել պայքարից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու Sasstex կարի գործարանի բանվորուհիները, որոնք տևական ժամանակ է` չեն աշխատում, այսօր` հունիսի 6-ին, կրկին չկարողացան մտնել գործարան ու հանդիպել ղեկավարության հետ, թեև ըստ նախնական պայմանավորվածության` նրանց հետ պետք է նոր պայմանագրեր կնքվեին։

Նոր զարգացումներ Գյումրու Sasstex-ում. բանվորուհիներին չեն թողել մտնել գործարան

Արդեն մի քանի օր է` այս գործարանի շուրջ աղմուկը չի լռում։ Ավելի քան 100 աշխատակիցները դժգոհում են վարձատրության չափից ու աշխատանքային վատ պայմաններից։ Նրանց խոսքով` ընկերության ղեկավարությունը սպառնացել է աշխատանքից ազատել այն բանվորուհիներին, որոնք իրենց աշխատանքային պայմաններից բողոքել էին լրագրողներին։ Օրերս բանվորուհիներին հեռախոսազանգով տեղեկացրել էին, որ հունիս 6-ին գործարանի ղեկավարությունն իրենց կներկայացնի նոր պայմանագրեր, և նրանք, ովքեր համաձայն են պայմանագրի նոր օրինակին, կարող են շարունակել աշխատանքը:

 

«Այսօր մեզ կանչել էին, որ նոր պայմանագիրը տային, ու եթե մենք համաձայն լինեինք, ստորագրեինք, բայց կանչողները չկան»,- Sputnik Արմենիային ասաց կանանցից մեկը` Ժենյա Մարտիրոսյանը:

Տարածքում, բացի կառույցի շինարարական գծով պատասխանատուից, որևէ մեկը չերևաց. բոլոր դռները փակ էին, չկային նաև ադմինիստրատիվ աշխատողները: Անվտանգության աշխատակիցը մոտեցավ գործարանի բակում հավաքված բանվորուհիներին ու լրագրողներին և հայտնեց` ղեկավարությունից հրահանգ կա` անծանոթ մարդկանց հեռացնել տարածքից։ Լրագրողները չհետևեցին պահանջին՝ նշելով, որ իրենք կանգնած են այնտեղ, որտեղ կանգնելն արգելող գրություն չկա:

Կանայք կրկին խաբվածի դերում են. Sasstex-ի ղեկավարությունը չկատարեց խոստումը

Ի դեպ, բանվորուհիներից մի քանիսը հայտնեցին, որ երեկ իրենց զանգել է կադրերի բաժնի ղեկավարը և տեղեկացրել, որ չգնան գործարան. պայմանագիր չկա: Sputnik Արմենիայի թղթակիցը կապ հաստատեց նրա հետ, բայց նա հրաժարվեց պատասխանել հարցերին:

Բանվորուհիները, խոսելով իրենց խնդիրների մասին, վստահեցրին, որ մինչև հիմա չգիտեն` ով է իրենց գործարանի տնօրենը:

«Մինչ օրս չգիտենք, թե ինչ է մեր ղեկավարի անունը, ով է նա: Չեն էլ փորձում նույնիսկ այսքանից հետո գալ ու մեր խնդիրները լսել: Մի լավ տնօրեն ունեինք՝ Սեյրան Պետրոսյանը, թողեց–գնաց, միայն ինքն էր մեզ լսում։ Ինչ նա հեռացել է, մեզ այլևս լսող չկա: Չենք հասկանում` Հայաստանում ոչ մեկը չկա՞, որ կարողանա լծակներ գործի դնել և մեր հարցերին ու պահանջներին պատասխան տալ»,- նշեց Անահիտ Մարտիրոսյանը և վստահեցրեց` բանվորուհիները բողոքը շարունակական է լինելու, եթե այս անտարբեր վերաբերմունքը շարունակվի:

Գործարանի ղեկավարությունը դեռ որևէ կերպ չի մեկնաբանում այս աղմուկը։

Կանայք կրկին խաբվածի դերում են. Sasstex-ի ղեկավարությունը չկատարեց խոստումը

Հիշեցնենք, որ ընկերությունը գործում է Վարդան Սրմաքեշի ներդրումային ծրագրի շրջանակում:

Sasstex ընկերության տնօրեն Քրիստիան Գելիջին տարիներ շարունակ խոստանում էր միայն Գյումրիում ստեղծել մոտ 300-500 աշխատատեղ: Կառավարությունն այդ նպատակով ընկերությանը տրամադրել էր նախկին մարզային հիվանդանոցի շենքը և հարակից տարածքները:

«Ստրուկի պես ենք աշխատում». Գյումրու Sasstex-ի աշխատակիցների բողոքը հասավ մարզպետարան

Գործարանի նոր մասնաշենքի հիմնարկեքին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ի դեպ, ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում նշված է` գործարանի հիմնադիրներն են «ԷՄ. ՏԵՔՍՏԻԼ» ՓԲԸ–ն ու Հաջիկ Գելիջին, որի մասնակցությունը դադարեցված է։
Իսկ «ԷՄ. ՏԵՔՍՏԻԼ» ՓԲԸ–ի ղեկավարության վերաբերյալ որևէ տեղեկություն չկա, նշված է միայն, որ ընկերությունը գրանցվել է 2015 թվականի հոկտեմբերի 1-ին։