ՌԱԴԻՈ

Փաշինյան. «Իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և պետք է շատ կոշտ հակահարված տա»

Կառավարության նիստում, օրակարգային հարցերից առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երկրում բռնություն քարոզող գործողություններին ու իրավապահներին խստորեն հանձնարարել ուշադիր լինել հասարակական կարգը խախտողների նկատմամբ։
Sputnik
Փաշինյան. «Իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և պետք է շատ կոշտ հակահարված տա»

Ըստ գործադիրի ղեկավարի, Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո մի շարք ուժեր, այդ թվում նախկին կոռուպցիոն համակարգի հետ ուղղակի կամ անուղղակի կապ ունեցող, փորձեցին իրենց համար ՀՀ-ում քաղաքական գործունեության որոշակի դաշտ ստեղծել, ինչը բնական է և նորմալ ժողովրդավարական ցանկացած երկրի համար:

Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացել է. նա վերակենդանացման բաժանմունքում է

«Մեկ տարվա փորձերի և գործունեության արդյունքում այդ ուժերը վերջնականորեն հասկացան, որ անդառնալիորեն հայտնվել են քաղաքական լուսանցքում, և վերջին շրջանում մենք տեսնում ենք հետևյալ դրսևորումները, որ ըստ ամենայնի, հուսահատ քաղաքական որևէ աջակցություն ստանալու հեռանկարի հանդեպ որոշ շրջանակներ որոշել են ՀՀ-ում իրականացնել բռնության և բռնության քաղաքական լեգիտիմացման քարոզ»,-արձանագրում է վարչապետը։

Փաշինյանի խոսքով` տեղի են ունենում այս առումով կազմակերպված ակցիաներ, որոնց հիմնական ասելիքը հետևյալն է, որ ահա իրենք պատրաստվում են Հայաստանում բռնությամբ քաղաքական հարցեր լուծել:

«Եվ այս ասելիքը, հռետորաբանությունը գնալով ավելի կազմակերպված բնույթ է ստանում և նույնիսկ մենք օպերատիվ տեղեկություններ ունենք, որ այդ շրջանակների որոշ հատվածը որոշել է, այսպես ասած, սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել և այսպես շարունակ»,-ասաց Փաշինյանը։

Այս ամենի համատեքստում գործադիրի ղեկավարն արձանագրում է, որ այն երկրում, որտեղ հաղթել է ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը և որտեղ տեղի են ունենում բռնության կոչեր, այս պայմաններում իրավապահ համակարգը չի կարող լինել թավշյա և պետք է շատ կոշտ հակահարված տա բոլոր նման երևույթներին։