Գագիկ Սուրենյանը հուսադրում է շոգողներին

Օդերևութաբանը վստահեցնում է, որ մեկ օրից հունիսի համար քիչ թե շատ նորմալ ջերմային ֆոն կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը հավաստիացնում է, որ շուտով ջերմաստիճանը մի փոքր կնվազի։ Նա այս մասին գրել է Facebook–ի իր էջում։

«Հունիսի 7-8-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով և արդեն կանցնենք հունիսի համար քիչ թե շատ նորմալ ջերմային ֆոնի։ Շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին կունենանք նաև ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,–գրել է Սուրենյանը։

Նա հայտնել է նաև, որ այս պահին հանրապետությունում օդի ջերմաստիճանը նորմայից բարձր է 7-10 աստիճանով։

Սուրենյանն ավելի վաղ հայտնել էր, որ հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին +38–ից +39 աստիճանի է հասնելու։ Մեր ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում, ըստ նրա, հունիսի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և Երևանում նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել։