ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Արցախում ընթացող չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ երկու հանդիպումներն էլ ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: Երկու խաղերում էլ հաղթողը որոշվեց 11 մետրանոց հարվածաշարով: Արևմտյան Հայաստանի հավաքականը դժվարին պայքարում հաղթանակի հասավ Աբխազիայի ընտրանու նկատմամբ:
Խաղերը դիտելու էր գնացել նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանը։
Արցախում ավարտին է մոտենում CONIFA-ի (անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) հովանու ներքո անցկացվող «Եվրոպական ֆուտբոլի գավաթ 2019» մրցաշարը: Հունիսի 9-ին Արմտյան Հայաստանի հավաքականը եզրափակչում հաղթողի կոչումը վիճարկելու է Հարավային Օսեթիայի թիմի հետ:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ և ավագ Հարություն Վարդանյանի թիմը` Արևմտյան Հայաստանի հավաքականը, խմբում երկրորդ տեղը զբաղեցնելով, կիսաեզրափակիչում կարողացավ կամային որակներ դրսևորել: Իսկ խաղի հերոսը դարձավ Արևմտյան Հայաստանի հավաքականի դարպասապահ Գևորգ Կասպարովը:
Հիմնական ժամանակում կողմերը մեկական գնդակ փոխանակեցին, իսկ 11 մետրանոց հարվածաշարը Աբխազիայի հավաքականը ձախողեց: Աբխազների կողմից իրացրած մեկ հարված շեղ ստացվեց, մեկ հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից, հաջորդ հարվածից հետո էլ գնդակը որսաց Գևորգ Կասպարովը: Իսկ Արևմտյան Հայաստանի թիմի ֆուտբոլիստները, հստակ իրացնելով առաջին երեք հարվածները, ապահովեցին հաղթանակը:
Նույն պատմությունը գրանցվեց նաև մյուս կիսաեզրափակիչում, որտեղ Հարավային Օսեթիայի հավաքականը հիմնական ժամանակում մեկական գնդակ փոխանակելով Չամերիայի թիմի հետ, ավելի հաստակ իրացրեց 11 մետրանոց հարվածաշարը և հաղթելով 6:5 հաշվով դուրս եկավ եզրափակիչ:
Իսկ Արցախի հավաքականը, որը պայքարում է 5-8-րդ տեղերի համար, այսօր 2:1 հաշվով հաղթանակի է հասել Շեկեի Լենդի թիմի նկատմամբ: