Դատական համակարգն ինքն է արձանագրել իր ճգնաժամի մեջ լինելը. Փաշինյան

Վարչապետի խոսքով`հակակոռուպցիոն դատարանի ամբողջ ֆինանսական բեռը միջազգային դոնորները պետք է վերցնեն իրենց վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Դատական համակարգն ինքն է արձանագրել իր ճգնաժամի մեջ լինելը: Այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով դատական համակարգի բարեփոխումների թեմային:

«Վճռաբեկ դատարանը հայտարարություն է անում Սահմանադրական դատարանի դեմ, Դատարանների խորհուրդը հայտարարություն է անում ԲԴԽ-ի դեմ: Ինձ ասացին, որ ԲԴԽ-ն նույնպես հայտարարություններով է հանդես գալիս: Այսինքն` հենց ինքը` դատական համակարգն ընդունում, որ ճգնաժամ կա: Դատարաններն իրար չեն վստահում: Եթե Վճռաբեկ դատարանն ասում է ՍԴ-ն սխալ որոշում է կայացրել, Դատարանների խորհուրդը ասում է` ԲԴԽ-ն չի ապահովում դատարանների բնականոն գործունեությունը` սա արձանագրում է ճգնաժամի առկայությունը»- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը էմոցիոնալ պահեր է ապրել Մարտի 1-ի գործով նոր ձերբակալության մասին լսելով

Այդուհանդերձ, այս ոլորտում բարեփոխումներ անելիս, Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը չեն պատրաստվում «գերանդին առնել ու բոլորին հնձել»:

«Մեր խնդիրն է ունենալ ժողովրդի վստահությունը վայելող անկախ դատական համակարգ»,- ասաց Փաշինյանը:

Մինչդեռ, այսօր, վարչապետի խոսքով, ցանկացած մեկի ձերբակալությունը նախևառաջ կապվում է իր հետ: Թե ընդդիմությունը և թե յուրայիններն առաջին հերթին սլաքներն ուղղում են իր կողմը:

«Դատարանների արգելափակման իմաստն էր ի ցույց դնելն, որ դատական համակարգի որոշումների հետ ես կապ չունեմ»,- ասաց նա:

Արձագանքելով մեղադրանքներին, թե բարեփոխումների արդյունքում ինքը ձգտում է նոր իշխանություններին հնազանդ դատական համակարգ ստեղծել`Փաշինյանն ասաց. «Ինձ պետք չէ մարիոնետային դատական համակարգ»:

Վարչապետը նշեց նաև, որ բարեփոխումների թվում ստեղծվելու է նոր` հակակոռուպցիոն դատարան, դատավորների աշխատավարձերն էլ բարձրանալու են:

Կոռուպցիոն հանցագործություններով մեղադրվողները կարող էին ավելի շատ լինել. Փաշինյան

«Մենք այսօր էլ կարող ենք դատավորների աշխատավարձերը բարձրացնել, բայց հանրությունը մեզ չի հասկանա,- ասաց նա,- եթե միջազգային հանրությունը, մեր գործընկերները մեզ աջակցեն, որ մենք 3 տարվա կտրվածքով հակակոռուպցիոն դատարան ստեղծենք, այնտեղ ինչ-որ ձև գտնենք բարձր աշխատավարձերով լուրջ մասնագետներ ներգրավելու, որոնց վստահելիությունը բարձր կլինի, և 3 տարի հետո հանրությունն էլ, ընդդիմությունն էլ, իշխանությունն էլ կտեսնեն, որ, իրոք, անկախ դատական համակարգ ունենալը օգտակար է պետությանը, տնտեսությանը, հանրությանը: Այդ ժամանակ արդեն կարող ենք մեր ժողովրդին համոզել, որ բյուջեից պետք է դատավորներին բարձր աշխատավարձեր տանք,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով`հակակոռուպցիոն դատարանի ամբողջ ֆինանսական բեռը միջազգային դոնորները պետք է վերցնեն իրենց վրա։

Հարցն, ըստ նրա, արդեն քննարկվել է միջազգային գործընկերների հետ: Նրանք այն ընդունել են ի գիտություն: Փաշինյանի խոսքով, այս գումարը Հայաստանին պետք է տրամադրվի գրանտի տեսքով: