ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Սերգեյ Խոջոյանը կալանավորվել է որպես Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի մահվան փաստով քրեական գործի գլխավոր կասկածյալ։
Նիկիտա Բելյանկինը սպանվել է Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանի Պուտիլկովո ավանում հունիսի 2–ին գիշերը։ Նա «ԲիրՀաուս» բարի մոտ երկու խմբերի միջև տեղի ունեցող կռվին է ականատես եղել՝ ընկերուհու հետ զբոսնելիս: Նիկիտան որոշել է միջամտել և մի քանի նախազգուշական կրակոց է արձակել գազային ատրճանակից, բայց դանակով սրտին մահացու հարված է ստացել։ Նիկիտան 20 մետր վազել ու ընկել է։
ՌԻԱ Նովոտսին փոխանցում է , որ Կրասնոգորսկի քաղաքային դատարանը հունիսի 5–ին կալանքի մասին համապատասխան որոշում է կայացրել։ Խոջոյանը մինչ օգոստոսի 2–ը կալանքի տակ է լինելու։
Դատարանին կալանքի մասին միջնորդագիրը ներկայացնող ՔԿ քննիչ Ալեքսեյ Տիտովը նշել է, որ Սերգեյ Խոջոյանն իր մեղքը չի ընդունել ու կարող է թաքնվել, այդ պատճառով նրան պետք է կալանքի տակ պահել։
Մեղադրյալն ասել է դատարանին, որ ունակ չէ սպանության։ Նրա խոսքով` նա պարզապես մոտեցել է «մարդուն օգնելու»։
Նշվում է, որ 41–ամյա Խոջոյանը գործազուրկ է։ Նա պարզաբանել է դատարանին, որ «ավտոպահեստամասերով է զբաղվում»։
Ավելի ուշ Կրասնոգորսկի դատարանը որոշում է կայացրել կալանավորման նաև Սուրեն Մարկոսյանին, որը նույնպես կասկածվում է Նիկիտա Բելյանկինի սպանությանը նախորդած կռվին մասնակցելու մեջ:
Անատոլի Մորդախովի նախագահած դատարանն 2 ամսով կալանավորել էր այս միջադեպի մեկ այլ գործող անձի` խուլիգանության մեջ մեղադրվող Նարեկ Ստեփանյանին։
Նշենք` այսօր դատարանն այդ գործով երեք միջնորդագիր է ներկայացրել. մեկը` սպանության մեղադրանքով, երկուսը` խուլիգանության։