ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Հայաստանի պատվիրակության համար հեշտ չէր չքվեարկել բանաձևի դեմ, որը Վրաստանը ներկայացրել էր ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի 73–րդ նստաշրջանում, իսկ դա նշանակում է, որ Թբիլիսին պետք է գնահատի Երևանի այդ քայլը։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին։
Հունիսի 4–ին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 73–րդ նստաշրջանում բանաձև է ընդունվել «Աբխազիայից և Ցխինվալի շրջանից հարկադրյալ տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին»։ Նախաձեռնողը եղել են Վրաստանը և ևս 44 երկրներ։ Բանաձևին «կողմ» է քվեարկել 79 երկիր, «դեմ»` 15. 57 պետություններ, այդ թվում` Հայաստանը, ձեռնպահ են մնացել։
Հայաստանը վերջին տարիներին առաջին անգամ է ձեռնպահ մնում և «դեմ» չի քվեարկել բանաձևին։
«Դա պետք է գնահատվի։ Հայաստանն այդ քայլով հարգանք է հայտնում բանաձևի նկատմամբ, որն, ըստ էության, մարդկային է, մարդասիրական։ Հայաստանը չի աջակցել դրան, բայց ամեն դեպքում չի մասնակցել քվեարկությունը, և դա պետք է գնահատվի», – ասաց Վոլսկին։
Միաժամանակ նա դա համարում է բազմադարյա բարիդրացիական հարաբերությունների արդյունք, աջակցության դրսևորում, որը երկու երկրները ցուցաբերում են միմյանց նկատմամբ ռազմավարական նշանակություն ունեցող հարցերում։ Վոլսկին այդ ժեստն անվանում է պատմության պահանջ։
Դրան չէին կարող չնպաստել երկու երկրների վարչապետների հանդիպումները, այս թեմայով բարեկամության խմբերի բանակցությունները, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանի գործունեությունը։
«Բոլորը պետք է իմանան, որ գոյություն ունեն ավանդույթներ, և հարևան երկրները պետք է համերաշխություն դրսևորեն», – ասաց Վոլսկին։
Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նույնպես դրական գնահատեց Հայաստանի այդ քայլը և նշեց, որ այդ տեղեկությունը շատ դրական է ընդունվել Վրաստանում։
«Այդպիսի համերաշխություն կար 90–ականներին, երբ Վրաստանի նախագահն էր Էդուարդ Շևարդնաձեն։ Այդ ընթացքում բարեկամ երկրներից որը չէր կարող իրեն թույլ տալ «կողմ» քվեարկել, ձեռնպահ է մնացել քվեարկությունից», – ասաց Մամրաձեն։
Նա նշեց, որ շատերն են ուշադրություն դարձրել Երևանի դիրքորոշմանը և դրական գնահատել այն, որ Հայաստանը կարողացել է զերծ մնալ քվեարկությունից։
Վրացագետ Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Երևանը Թբիլիսիին կարևոր ուղերձ է ուղարկել, և հիմա Վրաստանի հերթն է։
«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73–րդ նստաշրջանում քննարկվել է բանաձև, որի նախաձեռնողները ԳՈւԱՄ երկրներն են։ Այդ ցուցակի մեջ մտնում է Ադրբեջանը։ Այսպիսով, Հայաստանն ապրիորի չէր կարող քվեարկել բանաձևի օգտին, քանի որ նա դրանով դեմ կգնար սեփական դիրքորոշմանը», – ասաց Մելիքյանը։
Նրա խոսքով` այստեղ զսպող գործոն է ղարաբաղյան հակամարտությունը, ուստի Երևանն ի սկզբանե չէր կարող «կողմ» քվեարկել։ Միաժամանակ Մելիքյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանում և Վրաստանում բազմիցս նշում «ջենտլմենական համաձայնությանը» վերադառնալու անհրաժեշտության մասին այն հարցերում, որոնցում է հնարավոր է չքվեարկել միմյանց դեմ և չեզոքություն պահպանել։
«Երևանն այդ կերպ ջենտլմենական համաձայնությանը վերադառնալու քայլ է արել», – ասաց փորձագետը։
Նա նշեց, որ Երևանի դիրքորոշումը ևս մի անգամ ցույց տվեց Վրաստանի հետ հարաբերությունները խորացնելու Հայաստանի ղեկավարության ցանկությունը։