Հայ մասնագետները նոր ծրագիր են ստեղծել. նույնիսկ ԱԱԾ-ն չի կարող գաղտնալսել

ԱԱԾ տնօրենը նաև հայտնեց, որ նոր ծրագրի աշխատանքային անունը ԱԱԾ է, բայց այն առաջիկայում կփոխվի:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Հայ մասնագետները մշակել են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումն արգելող ծրագիր։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնեց ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մենե Թանդիլյանի մտահոգությանը, թե եթե ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ ղեկավարի հեռախոսային խոսակցությունները գաղտնալսվել էին, որքանով կարող են դրանից ապահովված լինել ՀՀ մյուս քաղաքացիներն ու պաշտոնյաները:

Հայաստանում կկառուցվի ԱԱԾ ծառայողների կրթական կենտրոն. Վանեցյանը փող ուզեց Ջանջուղազյանից

«Ժամանակակից աշխարհում հեռախոսային խոսակցությունների 100 տոկոսանոց ապահովում գրեթե անհնարին է»,- ասաց Վանեցյանը` հավելելով, որ մինչ հայտնի գաղտնալսումների ի հայտ գալն ԱԱԾ-ն արդեն իսկ մշակում էր հեռախոսային խոսակցությունների գաղտնիության ապահովման ծրագիրը, որն այսօր արդեն գործում է:

«Իմ հեռախոսի վրա տեղադրված է, դա դեռևս թեստային տարբերակն է: Ստուգում ենք բոլոր տեսակի խոցելիությունները: Այս պահին գաղտնիոթյունը բավականին պաշտպանված է, և շատ-շատ մասնագետներ արդեն իսկ տվել են եզրակացություն, որ այդ ծրագրի գաղտնալսումը գրեթե անհնար է»,- ասաց Վանեցյանը:

Վանեցյանի խոսքով` ծրագիրն ամբողջությամբ հայկական է, դրա սերվերը գտնվում է ԱԱԾ շենքում:

«Գաղտնագրվում է ամբողջությամբ, անգամ եթե մենք ուզենք գաղտնալսել մեզ, չենք կարող»,- ասաց Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենը նաև հայտնեց, որ նոր ծրագրի աշխատանքային անունը ԱԱԾ է, բայց այն առաջիկայում կփոխվի:

Այդուհանդերձ, Վանեցյանը նշեց, որ ռոումինգի ժամանակ անվտանգության հարցը շարունակում է բաց մնալ:

Ի դեպ, հեռախոսային կապի անվտանգությունն ապահովելու համար կառավարության անդամների աշխատասենյակներում առկա են կառավարական հեռախոսներ, որոնց սպասարկման համար ծախսվում է տարեկան ավելի քան 40 մլն դրամ: