Չեխիայի քաղաքացու վրա հարձակում կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Օտարերկրյա քաղաքացու՝ 29-ամյա աղջկա նկատմամբ կատարված ավազակային հարձակման համար 3 անձ է ձերբակալվել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ օտարերկրյա քաղաքացու՝ 29-ամյա աղջկա նկատմամբ կատարված ավազակային հարձակման դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ավազակային հարձակում Հայաստանում. երիտասարդները թալանել են Չեխիայի քաղաքացուն

Չեխիայի Հանրապետության քաղաքացու՝ ծնված 1990 թվականին, ոստիկանությունում հաղորդում է տվել, որ 2019թ. հունիսի 2-ին, ժամը 18:30-ի սահմաններում, իրեն է մոտեցել մի ավտոմեքենա, որում գտնվող երիտասարդներն առաջարկել են նրան տեղափոխել, ինչին ինքը համաձայնել է և նստել ավտոմեքենայի հետևի նստատեղին: Ճանապարհին երիտասարդները դանակի սպառնալիքով աղջկանից պահանջել են վերջինիս բջջային հեռախոսը, գումար և թանկարժեք իրեր: Մերժում ստանալով՝ նրանցից մեկն աղջկա պայուսակից հանել է ֆոտոխցիկը, իսկ դրամապանակից՝  դրանում առկա տարբեր արժույթների կանխիկ գումարը: Ըստ հաղորդման՝ երիտասարդներից մեկն ուսապարկից հանել է պղպեղով սփրեյը, իսկ ինքը, օգտվելով ստեղծված հնարավորությունից, այն վերցրել է նրա ձեռքից և փչել նրա աչքերին, վերջինս էլ ձեռքին եղած դանակով սկսել է անկանոն շարժումներ կատարել, ինչի արդյունքում վնասել է երիտասարդ աղջկա ձեռքի մատը: Այնուհետև աղջկան հրել դուրս են գցել ավտոմեքենայից և դիմել փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնում հարուցվել է քրեական գործ: Չեխիայի Հանրապետության քաղաքացուհին ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը. նրանք Աշտարակ քաղաքի բնակիչներ են՝ հասակակիցներ՝ ծնված 1995 թվականին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպին մասնակից անձանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: