Աննախադեպ շոգն «ուժի մեջ է». ինչից պետք է խուսափեն հատկապես հղիներն ու երեխաները

Մասնագետները հայտնել են, թե ինչ պետք անել առաջիկա երկու օրերի ընթացքում, երբ շոգը կհասնի իր պիկին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի— Sputnik. Այս օրերին, երբ օդի ջերմաստիճանը պիկին է հասել, անհրաժեշտ է պաշտպանվել արևի ուղիղ ճառագայթներից, դնել գլխարկ, մուգ ակնոց, հագնել սպիտակ և բնական կտորից հագուստ։ Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը։

Հունիսի 5-6-ին Արարատյան դաշտում և Երևանում օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +38–ից +39 աստիճանի, ինչն աննախադեպ է այս ժամանակահատվածի համար։

«Խոցելի խմբերը` երեխաները, հղիները, պետք է խուսափեն այս օրերին ժամը 12–17–ն ընկած ժամանակահատվածում դրսում լինել` անգամ ստվերոտ հատվածներում։ Բացի այդ, քանի որ շոգին մեր օրգանիզմը ջրազրկվում է, անհրաժեշտ է առնվազն 2-3.5 լիտր ջուր խմել, ինչպես նաև որոշ քանակությամբ թան»,–ասաց մասնագետը։

Անդրադառնալով սննդին` նա նշեց, որ պետք է խուսափել դրսում պատրաստվող սնունդ ուտելուց, եթե ակնհայտ է, որ չկան համապատասխան հիգիենիկ պայմաններ։ Շոգ օրերին ցանկալի է ուտել միրգ–բանջարեղեն, իսկ տանը պատրաստած ճաշերը չպետք է 1 օրից շատ պահել սառնարանում ու հետո ուտել։

Սնունդի միջոցով է կարելի է պայքարել շոգի դեմ. սննդաբանի խորհուրդները

«Պետք է երեխաներին թույլ չտալ, որ լողան արհեստական` ոչ լողալու համար նախատեսված լողավազաններում»,– ասաց նա։

Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանն էլ հայտնեց, որ սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ պետք է անպայման իրենց բժշկին դիմեն, քանի որ ջերմաստիճանի բարձրացման հետ կապված` հնարավոր է դեղերի վերանայում լինի։

«Շոգին, օրինակ, հնարավոր է ճնշման իջեցում լինի, ինչի համար էլ անհրաժեշտ է անպայման կանխավ դիմել բժշկի։ Բացի այդ, պետք է քնի և հանգստի ռեժիմը կանոնակարգված լինի»,–ասաց սրտաբանը։

Հիշեցնենք, որ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ավելի վաղ հայտնել էր, որ մեր օդերևութաբանական պատմության ընթացքում հունիսի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և Երևանում նման ջերմաստիճան երբևիցե չի գրանցվել։