Ամառային հրդեհներ և կարկուտ. Ցոլակյանը խոսեց պայքարի միջոցների մասին

ԱԻՆ նախարարը խոսեց նաև կարկտապաշտպան նոր միջոցների ձեռքբերման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի — Sputnik. Շոգ եղանակների պատճառով հրդեհների դեպքերը Հայաստանում ավելացել են: Այսօր ԱԺ-ում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Երեկ չէ անցած օրը 69 հրդեհի դեպք ունեինք հանրապետությունում, երեկ 60-ից ավելի: Բավական շատ են հրդեհները: Ամենաշատը Արարատյան դաշտում է: Հետո կանցնի նախալեռնային,լեռնային շրջաններ` կապված խոտի չորացման հետ և այլն»,- ասաց Ցոլակյանը:

Քամի, կարկուտ, ավերվածություններ. Շիրակում գյուղացին ճշտում է վնասները

Նրա խոսքով` առայժմ հրդեհները խնդիրներ չեն առաջացրել, հրշեջներին հաջողվել է դրանք ժամանակին մարել:

Ինչ վերաբերում է անտառային հրդեհներին, նախարարը նշեց, որ աշխարհում դեռ չի ստեղծվել դրանք կանխարգելելու լիարժեք արդյունավետ միջոց: Իսկ հնարավոր հետևանքների դեմ պայքարի համար կառավարությունը մտածում է օդուժի ձեռքբերման մասին:

Անդրադառնալով կարկտից պաշտպանության  միջոցներին` Ցոլակյանը նշեց, որ Հայաստանն ունի միջազգային կառույցների հետ պայմանավորվածություն` հրթիռներ ձեռք բերելու միջոցների տրամադրման շուրջ: Իսկ հրթիռները գնվելու են Ռուսաստանից:

«Միայն ցանցը ցույց կտա դրա արդյունավետությունը: Հիմա ցանց մենք չունենք: Մենք ունենք լոկալ ինչ-որ տեղեր դրված կայաններ»,- ասաց նա:

Ֆելիքս Ցոլակյանը նաև նշեց, որ Հայաստանի ռելիեֆի պայմաններում չի կարող ամբողջ համակարգը հենվել մեկ մեթոդի վրա: Հրթիռային կայաններին զուգահեռ անհրաժեշտ է ունենալ նաև կարկտապաշտպան ցանցեր ու նաև գյուղատնտեսության ապահովագրություն` հնարավոր  ռիսկերից գյուղացուն ապահովելու համար: