ՌԱԴԻՈ

Ալավերդյան. «Իշխանությունների գործողությունները կարող են վերածվել ընտրովի արդարադատության»

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը բացասական վերաբերմունք ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դատարանները շրջափակելու կոչի նկատմամբ։ Այդ մասին նախկին օմբուդսմանն ասել է Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Sputnik

 

Ալավերդյան. «Իշխանությունների գործողությունները կարող են վերածվել ընտրովի արդարադատության»

«Դա նոնսենս է, երբ Ազգային ժողովի պատգամավորը շրջափակում է դատարանների մուտքերը»,-նշում է Ալավերդյանը։

Մարդու իրավունքների նախկին պաշտպանին խիստ անհանգստացնում է դատաիրավական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակը։

Հայաստանի իշխանությունները չեն կարող լուծարել Բարձրագույն դատական խորհուրդը. Զեյնալյան

«Արդյո՞ք անցումային արդարադատության համար Հայաստանում առկա են այն պայմանները, որոնք եղել են այլ երկրներում»,-հռետորական հարցադրում է անում Լարիսա Ալավերդյանը։

Նրա մոտ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում հայտնվել են «ֆուկոյամաներն», որոնք ցանկանում են հեղափոխությամբ ազդարարել պատմության վերջը։

Ալավերդյանը չի հերքում` դատական համակարգը տարիներ շարունակ գտնվել է քաղաքական հստակ ազդեցության ներքո, եղել են դատավորներ, որոնք մշտապես կատարել են իշխանությունների հրահանգը։ Բայց նոր իշխանության առաջարկը, նրա համոզմամբ, ստեղծելու է նոր իրավիճակ, երբ դատական համակարգը սկսելու է ծառայել նոր տերերին, ու ավելի հավատարիմ, քան նախորդներին։

«Այսօրվա իշխանությունների գործողությունները կարող են վերածվել ընտրովի արդարադատության, ինչն արդեն իսկ սկսվել է Հայաստանում»,-նկատում է իրավապաշտպանը։

Ալավերդյանի համոզմամբ` իշխանության հայտարարած անցումային արդարադատությունն ու վեթինգը նշանակում են, որ փորձ է արվում համակարգի կայացումը սկսել նոր, բայց ոչ թե զրոյական, այլ նույնիսկ մինուսային կետից։