ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. ՀՀ գործող օրենսդրությունը Բարձրագույն դատական խորհուրդը լուծարելու հնարավորություն չի ընձեռում։ Այս մասին այսօր ԱԺ–ում, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
«Օրենքով նման լուծարման հնարավորություն չեմ տեսնում: Օրենսդրական նման հիմք չկա»,- ասաց նա։
Լրագրողների հարցերին, թե հնարավոր է, որ նման հիմքեր ստեղծվեն անցումային արդարադատության կոնտեքստում, Արտակ Զեյնալյանը չպատասխանեց, բայց և չհերքեց նման հավանականությունը։
Իսկ անցումային արդարադատությանն ու վեթինգին վերաբերող հարցերին Զեյնալյանը չպատասխանեց` խոստանալով դրանց վերաբերյալ ավելի ուշ հանդես գալ մամուլի ասուլիսով։
Հիշեցնենք, Երևանի ընդհանուր իրավասությունների Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, մայիսի 17–ին որոշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակել։
Դրանից հետո մայիսի 19–ին Նիկոլ Փաշինյանը ժողովրդին կոչ արեց մայիսի 20–ի առավոտյան փակել հանրապետության բոլոր դատարանների մուտքերը։ Ապա հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ նշեց, որ Հայաստանում հեղափոխությունը պետք է իր ավարտին մոտեցնել և բարեփոխել դատական համակարգը։
Հայաստանում Ֆուկույամանե՞ր են հայտնվել. ուր է երկրին տանում անցումային արդարադատությունը
Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ ասել էր, որ դատական համակարգում «վիրահատական միջամտության» ժամանակն է։ Այդ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալ կերպ` Հայաստանի բոլոր դատավորները «վեթինգի» կենթարկվեն։
Մայիսի 24-ին ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը հրաժարական տվեց։