ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի –Sputnik. Գրիգոր Օհանյանը, ում կասկածում են Գլխավոր հետախուզական վարչության նախկին հատուկջոկատային Նիկիտա Բելյանկինի սպանության մեջ, հերքում է իր առնչությունը հանցագործությանը և մտադիր է դիմել դատարան։ Այդ մասին նա հայտարարել է իր տեսաուղերձում։
Օհանյանն ասել է, որ ոչ մի տեղ չի փախել և ավելի քան երկու տարի չի եղել Հայաստանում։ Նա նաև հաղորդել է, որ Հայաստանի իրավապահները Երևանում արդեն գնացել են իր ծնողների տուն և փորձել պարզել նրա գտնվելու վայրը։
Օհանյանը նաև պնդում է, որ ինքնակամ ներկայացել է Ռուսաստանի քննչական կոմիտե և հաղորդել, որ սպանության օրը ինքը հեռու է եղել այն բարից, որտեղ տեղի է ունեցել Բելյանկինի սպանությունը։
«Ես այսօր և երեկ երեկոյան եղել են քննչական կոմիտեում։ Այսօր քննչական կոմիտեում ինձ ասել են, որ բոլորին բռնել են, ամեն ինչ նորմալ է, և դա ոչ մի կերպ չի վերաբերվում ինձ։ Ես ինքս շոկի մեջ էի։ Ես այդ օրը ընկերոջս տղայի 20 ամյակին էի մասնակցում, մեծ միջոցառում էր», – նշել է տղամարդը։
Հրապարակումները, որոնցում նրան մարդասպան են անվանել, ուղարկել են ընկերները։ Սկզբում Օհանյանն այդ ամենն անհեթեթ կատակ է համարել, սակայն երբ սկսել են զանգել բոլոր ծանոթներն ու ընկերները, նա անհանգստացել է։
«Ես շոկի մեջ էի և իսկույն գնացի քննչական կոմիտե։ Դատի եմ տալու բոլոր հեռուստաալիքներին, որոնք ինձ ցույց են տվել որպես մարդասպանի։ Դա մեծ բարոյական վնաս է, ամբողջ աշխարհն ինձ տեսել է որպես մարդասպան, չգիտեմ ինչու», – նշել է նա։
MK.RU–ին տված հարցազրույցում Օհանյանը պատմել է, որ երբեք չի եղել բարում, որի մոտ տեղի է ունեցել սպանությունը, թեև նա 2003թ.–ից ապրում է Պուտիլկովում։
Նրա խոսքով` քննչական կոմիտեում նա տեսել է ձեռնաշղթաներով երեք տղամարդու, նրանք ցուցմունք են տվել։ Օհանյանը չի ճանաչում տղամարդկանց, սակայն կարծում է, որ նրանք հայեր կամ ադրբեջանցիներ են։
Քննության նախնական տվյալների համաձայն` հունիսի 1–ի երեկոյան Նիկիտա Բելյանկինը տեսել է, որ երկու խումբ կռվում են իրար հետ և որոշել է միջամտել։ Նիկիտան գազային ատրճանակից մի քանի նախազգուշական կրակոց է արձակել, բայց նրան հարվածել են դանակով։ Մահացու հարվածը եղել է սրտի հատվածում։