Դատական բարեփոխումների անցնցում զարգացումներն են միայն գրանցում հաջողություն. ԲԴԽ–ի կոչը

ԲԴԽ–ն դատաիրավական ոլորտում բարեփոխումներ իրականացնելու առնչությամբ արդեն իսկ քայլեր է անում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Բարձրագույն դատական խորհուրդը չի լինելու սոսկ մշակվող և շրջանառության մեջ դրվող օրինագծերի առնչությամբ եզրակացություն տվող կառույց. այն հանդես է գալու սեփական օրակարգով, իր իսկ կողմից մշակված հայեցակարգային հիմնադրույթներով և նախագծերով: Այս մասին հայտարարությամբ հանդես է եկել ԲԴԽ–ն` անդրադառնալով դատաիրավական համակարգում բարեփոխումներին։

ԲԴԽ-ն անընդունելի է համարում դատարանների բնականոն գործունեության խաթարումը

«Մենք ելակետ ենք ընդունում այն, որ դատական իշխանության նկատմամբ կա հանրության անհրաժեշտ վստահության պակաս, ինչը վերջին շրջանում փաստել է նաև ԵԽ փորձագիտական խումբը։ Այս ամենի համատեքստում պատկերացնում ենք՝ հանրության ակնկալիքները ԲԴԽ–ից անհամեմատ մեծ են: Մի կարևոր վերապահում. ԲԴԽ–ն համոզմունք է հայտնում, որ արմատական բարեփոխումների համատեքստում ոչ մի պայմանով նախապատվությունը չի տրվելու անհարկի ցնցումների»,–նշված է հայտարարության մեջ։

Ըստ ԲԴԽ–ի` նաև միջազգային փորձն է վկայում, որ դատական իշխանության բարեփոխումներին միտված հնարավորինս անցնցում զարգացումներն են գրանցում միանշանակ հաջողություն՝ միայն հավասարակշռված, Սահմանադրության և միջազգային հանրաճանաչ նորմերին խիստ համապատասխան գործելու դեպքում:

Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է նաև, որ պատրաստվում են այս գործընթացում ներգրավել հանրապետության լավագույն և անաչառ մասնագետների, որոնց մի մասի հետ արդեն իսկ ընթանում են գործնական քննարկումներ: