Խորհրդարանը հավանություն տվեց ցեմենտի տուրքի մասին աղմկահարույց օրենքին

Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ոչ միայն դեմ է գնացել ընդդիմության փաստարկներին, որը պահանջել է կլինկերի տուրք սահմանել, այլ նաև նվազեցրել է հենց ցեմենտ ներկրելու հարկը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որը ենթադրում է 14 հազար դրամ տուրքի սահմանում ցեմենտի ներկրման համար։

Կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 16, ևս 3–ը ձեռնպահ են մնացել։

Ցեմենտ բեռնած բեռնատարը` ԱԺ–ի դիմաց. ցեմենտ ներկրողները բողոքի ակցիա են անում

Ինչպես ավելի վաղ նշել էր Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններն ի սկզբանե ենթադրել են, որ Հայաստանում աշխատանքը կարող են շարունակել ցեմենտի բոլոր արտադրողները (ինչպես ներկրվող կլինկերից, այնպես էլ տեղական)։ Առաջին ընթերցմամբ քննարկումներից հետո կառավարությունը ևս մի անգամ ուսումնասիրել է տեղի ցեմենտ արտադրողների ծախսերը։

Նա նշեց, որ եթե նախկինում նրանք ցանկացել են սահմանել 22 հազար դրամ տուրք, ապա ավելի ուշ վերահաշվարկ են արել և հանգել եզրակացության, որ օպտիմալ թիվ կլինի 14 հազար դրամը։

Կլինկերը (ցեմենտի հումքը) նախկինի նման չի հարկվի, որպեսզի հումք ներկրող ընկերությունները կարողանան շարունակել աշխատանքը։

Նշենք, որ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունները երկրորդ ընթերցման քննարկման ընթացքում շարունակել են ելույթ ունենալ օրինագծի սուր քննադատությամբ։

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց խաղադրույքները սահմանափակելու մասին օրինագիծը

Ապրիլի 19-ին ԱԺ–ն առաջին ընթերցմամբ հավանություն էր տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության առաջարկած նախագծին, որը ենթադրում էր բարձրացնել ներկրվող ցեմենտի տուրքը։ Օրինագծի նախնական տարբերակի համաձայն` ցեմենտի 1 տոննայի տուրքը պետք է կազմեր 22 հազար դրամ։ Սակայն այն ժամանակ, ինչպես նաև երկրորդ ընթերցմամբ ընդունված փոփոխությունները կլինկերի (հումքի) ներկրմանը չէին առնչվում։

Ավելի վաղ ԲՀԿ-ն, որի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն «Արարատցեմենտ» ՓԲԸ–ի սեփականատերն է, առաջարկում էր պետտուրք սահմանել ոչ միայն ներկրվող ցեմենտի, այլ նաև կլինկերի համար։ ԲՀԿ–ի պատգամավորները պնդում էին, որ այլապես «Արարատցեմենտը» ստիպված կլինի էապես կրճատել աշխատողների թիվը։