Խաչիկ Չախոյան, Sputnik Արմենիա
Արցախում մեկնարկած CONIFA-ի (անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) հովանու ներքո անցկացվող «Եվրոպական ֆուտբոլի գավաթ 2019» մրցաշարը, շատերի կարծիքով, նոր ճանաչում կբերի Արցախի Հանրապետությանը:
Ֆուտբոլը եղել է, կա և կլինի միլիոնների խաղը: Հետևաբար, այս մարզաձևը միշտ էլ իր վրա է գամում միլիոնավոր մարդկանց ուշադրությունը: Աշխարհի, Եվրոպայի և Հարավային Ամերիկայի առաջնությունները հավաքական թիմերի մակարդակով առանձնանում են մյուսներից: Բայց միևնույնն է, այն, որ անգամ այսպես կոչված չճանաչված երկրների մրցաշարի նկատմամբ էլ կա մեծ ուշադրություն, կասկածից վեր է:
Այս տարի CONIFA-ի ներքո անցկացվող մրցաշարը կոչվում է «Եվրոպական ֆուտբոլի գավաթ 2019», որին մասնակցում են հայկական երկու թիմեր՝ Արևմտյան Հայաստանի ու Արցախի հավաքականները: Բացի հայկական թիմերից մրցումներին իրենց մասնակցությունն են բերել նաև Աբխազիայի, Չամերիայի, Սապմիի, Հարավային Օսեթիայի, Պադանիայի և Սեկեյի Լանդի հավաքականները:
Ութ թիմերը բաժանվել են երկու ենթախմբերի, որոնցում առաջին ու երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականները կշարունակեն պայքարը մրցաշարում հաղթողի կոչման համար: Մրցաշարի առաջին օրը Արևմտյան Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով զիջեց Հարավային Օսեթիայի թիմին, իսկ Արցախի ընտրանին դժվարին խաղում՝ 3:2 հաշվով պարտության մատնեց Սապմիի հավաքականին:
Այսօր՝ հունիսի 3-ին, Արևմտյան Հայաստանի հավաքականը Ասկերանում մրցելու է Սեկեյի Լանդի հավաքականի հետ, իսկ Արցախի մրցակիցը լինելու է Չամերիան: Խմբային փուլի վերջին տուրում հայկական երկու թիմերից Արցախը կխաղա Աբխազիայի, իսկ Արևմտյան Հայաստանի ընտրանին Պադանիայի հետ: Հետաքրքիր է, որ հայկական երկու թիմերը հանդես են գալիս տարբեր խմբերում: Այսինքն` խմբային փուլը հաղթահարելու դեպքում մերոնք կարող են մրցել իրար դեմ:
Խմբային փուլն ավարտվելու է հունիսի 4-ին, իսկ մրցաշարը իր վերջնագիծը կհատի հունիսի 9-ին:
Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա (The Confederation of Independent Football Associations, ConIFA), ֆուտբոլի, ֆուտզալի և լողափնյա ֆուտբոլիասոցիացիաների միջազգային կառավարող մարմին է։ Պատասխանատու է չճանաչված պետությունների ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայիառաջնությունների կազմակերպման համար: Կոնֆեդերացիան ստեղծվել է 2013 թվականին, որպեսզի վերահսկի չճանաչված պետությունների միջև ֆուտբոլային մրցույթների կազմակերպումը: Գլխավոր գրասենյակը գտնվում է Լուլեոում, Շվեդիա: