Հարկերի մասով ՀՀ նոր իշխանությունը կրկնում է նախորդների սխալները. տնտեսագետ

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը մեկնաբանել է ՀՀ հարկային օրենսգրքի ուղղումների փաթեթը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Հարկային քաղաքականության հարցում Հայաստանի նոր իշխանությունը կրկնում է նախորդների սխալները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյանը` մեկնաբանելով Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։

Ֆինանսների նախարարությունն առաջարկում է եկամտահարկը իջեցնել մինչև 23% բոլոր աշխատող մարդկանց համար` անկախ աշխատավարձի չափից։ Թվում է` իշխանությունն ուզում է խթանել բարձր աշխատավարձերը։ Բայց Պարսյանը նշեց, որ ստացվում է` ավելի ունևորների համար հարկը կնվազի, իսկ ոչ այդքան հարուստների համար հարկը նույնը կմնա։

Հարկային եկամուտների շնորհիվ Հայաստանի բյուջեն համալրվել է 7,4 միլիարդ դրամով

Այժմ Հայաստանում հատևյալ սկզբունքն է գործում` ով ավելի շատ աշխատավարձ է ստանում, նա ավելի շատ հարկ է վճարում։ Հարկային սանդղակում երեք կետ կա (23%, 28% ու 36%),  ընդ որում` 36%–ը սահմանված է ավելի քան երկու միլիոն դրամ աշխատավարձ ստացողների համար։ Պաշտոնապես հանրապետությունում մի քանի հարյուր մարդ է այդքան բարձր վարձատրվում (600 հազար վարձու աշխատողներից)։ Հարկային սանդղակը կարող էր ավելի բազմաշերտ լինել` կախված աշխատավարձերից։ Բայց փոխարենն ուզում են դրանից ընդհանրապես հրաժարվել։

«Եթե հարկը տարբերակված լինի, աշխատավարձերը կթաքցնեն։ Ահա իշխանության փաստարկը, բայց այն համոզիչ չէ։ Եթե բիզնեսը չի ուզում գրանցել աշխատավարձը, չի գրանցելու, լինի հարկը 28% թե 23%», – ավելացրեց Պարսյանը։

Փորձագետի կարծիքով` եկամտահարկի նվազեցման տնտեսական հիմքերը հասկանալի չեն։ Եթե ինչ-որ տեղ հարկը նվազում է, պետք է հատուցել այն մեկ այլ աղբյուրից։ Այդ պատճառով իշխանությունը սկզբում առաջարկել է գազավորված ըմպելիքների ակցիզ մտցնել ու բարձրացնել տարադրամի փոխանակման կետերի ու գրավատների տուրքը։

Որպեսզի հարցեր չլինեն, ՊԵԿ–ը կվերահրապարակի 1000 խոշոր հարկ վճարողների ցուցանիշները

Հետո գազավորված ըմպելիքների ակցիզը որոշել են չեղարկել, ու կարծես թե ուզում են սահմանափակել տարադրամի փոխանակման կետերի և գրավատների տուրքերի բարձրացումը։ Ամեն դեպքում, նրա կարծիքով, բյուջեի եկամուտների ու ծախսերի հավասարությունը խախտվում է։

Կառավարությունում մոռանում են նաև, որ եկամտահարկը նվազում է, բայց կուտակային կենսաթոշակային բարեփոխումն ամբողջովին ուժի մեջ է մտնում։ Այլ կերպ ասած` աշխատավարձի 5%–ը գնալու է կենսաթոշակային կուտակային հաշիվներին (ներկայիս 2,5%–ի փոխարեն)։

Բացի այդ, Պարսյանը նշեց, որ իշխանությունն ուզում է վերանայել գույքահարկը, բայց մինչ այժմ դա չի արել։ Կառավարությունն առաջարկում է կադաստրային վճարումները մոտեցնել շուկայականներին, հատկապես` Երևանի կենտրոնում ու առողջարաններում` էլիտար անշարժ գույքի դեպքում։

«Շատ լավ է։ Այդ դեպքում թող բարեփոխումների փաթեթ պատրաստեն, հետո նոր ներկայացնեն, որ հասկանալի լինի` ինչպես են փոխվելու բյուջեի եկամուտներն ու ծախսերը։ Թե չէ ստացվում է, որ անիվ ենք գնում ու ինքներս էլ դեռ չգիտենք` ինչ մեքենայի համար», – կարծում է փորձագետը։

Հարկային օրենսգրքի փոփոխությունների ընդհանուր նախագիծը կարելի է լիբերալ անվանել։ Այսինքն` նոր իշխանությունը հետևում է նույն նեոլիբերալ դոկտրինին, որին հետևում էր նախորդ իշխանությունը։ Իսկ աշխարհում տնտեսական քաղաքականության մեջ արդեն վաղուց կիրառություն են գտնում «ձախ» գաղափարները, զբաղվածության աջակցությունն ու օգնությունը սոցիալապես անապահով խավերին։

Նշենք` այս և մնացած ուղղումները Հայաստանի հարկային օրենսգրքում պետք է ուժի մեջ մտնեն 2020 թվականից։