Ցեմենտ բեռնած բեռնատարը` ԱԺ–ի դիմաց. ցեմենտ ներկրողները բողոքի ակցիա են անում

Բողոքի ակցիա իրականացնողներն առաջարկում են ուսումնասիրություն իրականացնել, որին կմասնակցեն նաև իրենք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Ցեմենտ ներկրողներն այսօր Ազգային ժողովի դիմաց են եկել ցեմենտ բեռնած բեռնատարով։ Նրանք բողոքի ակցիա են իրականացնում։

«Ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք կիրառելու մասին օրինագիծը կամ պետք է չեղյալ հայտարարել, կամ էլ քննարկումը հետաձգել` մինչև խնդիրը կուսումնասիրվի։ Օրինագիծը պետք է չեղարկվի, քանի որ ցեմենտի ներմուծման դեպքում տուրքի սահմանումը մենաշնորհային դիրք է տալու հայտնի մեկ կազմակերպությանը»,–ասում են բողոքի ակցիա իրականացնողները։

Ցեմենտի թեման մոտենում է ավարտին. ԲՀԿ–ն իշխանությանը մեղադրում է վատագույն սցենարի համար

«12 000 դրամով բեռնափոխադրող չկա», «Ի՞նչ շահ է հետապնդում նախարար Տիգրան Խաչատրյանը» պաստառներով բողոքի ակցիա իրականացնողներն առաջարկում են ուսումնասիրություն իրականացնել այս թեմայով, որին կմասնակցեն նաև իրենք։

Հիշեցնենք, որ ցեմենտի 1 տոննայի ներմուծման համար կառավարությունն առաջարկում է սահմանել 14 000 դրամ պետտուրք` նախկինում առաջարկված 22 000 դրամ ի փոխարեն։ Կառավարության նոր առաջարկը, ինչպես և նախկինը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հավանությանը չի արժանացել։

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի ղեկավարությունը հայտարարել էր, որ այդ պայմաններում տեղական հումքով ցեմենտի արտադրությունը ֆինանսապես շահավետ չէ, և որ իրենք այդ դեպքում ստիպված կլինեն փակել տրավերտինից կլինկերի ստացման արտադրամասը, որտեղ այսօր շուրջ 1500 մարդ է աշխատում։

Ցեմենտ բեռնած բեռնատարը` ԱԺ–ի դիմաց. ցեմենտ ներկրողները բողոքի ակցիա են անում

Այս հայտարարությունից հետո գործարանի աշխատակիցները մի քանի օր բողոքի ակցիաներ իրականացրին գործարանի հարակից տարածքում` սպառնալով փակել ճանապարհը։