Կավ էիր՝ կուժ դարձիր. ինչպես միջազգայնագետը սիրահարվեց բրուտագործությանն ու հղկվեց կավով

Կյանքի անիվը բրուտի չարխից ոչ պակաս հրաշագործությունների է ունակ: Եվ կյանքը, իր մատերով, որոնց ճակատագիր ենք ասում, մեզանից կարող է հետաքրքիր բնավորություններ ստանալ: Ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչ կավից ենք ինքներս մեզ հունցում: Գյումրեցի Լևոնը զինծառայությունից հետո դիվանագետ էր ուզում դառնալ, բայց նախախնամությունը այլ բան էր ծրագրել և բրուտի անիվն ավելի ձգող եղավ:
Sputnik

Արմենուհի Մխոյան, Sputnik Արմենիա

Իսկապես էլ՝ տարիներ առաջ Լևոն Հովհաննիսյանը չէր պատկերացնում, որ «սիրահարվելու»  է կավին ու իր երազած դիվանագիտության  փոխարեն բրուտագործությամբ է զբաղվելու: Նա Շիրակում միակն է, որ բրուտանիվով է աշխատում, այլ ոչ թե կաղապարով:

«Մարտակերտում եմ ծառայել: Եվ ծառայությունն իր հետքերը  թողել էր իմ մեջ:  Երբ բանակից եկա, շատ նյարդային էի: Իսկ կավի հետ աշխատելը հանգստացնում  էր  ինձ, ու սիրեցի այն: Հիմա, երբ  հետ եմ նայում, տեսնում եմ, որ շատ եմ փոխվել: Կավն է ինձ փոխել»,-խոստովանում է Լևոնը:

Կավ էիր՝ կուժ դարձիր. ինչպես միջազգայնագետը սիրահարվեց բրուտագործությանն ու հղկվեց կավով

Մայրն ամեն անգամ հպարտությամբ, մի տեսակ՝ ծիսակարգի նման է հյուրերի առաջ՝  սեղանին դնում ընդունված որդու ձեռքերով պատրաստած կավե սպասքը, սովորական ամանեղենի փոխարեն: Ասում է՝ շատ է տխրում, երբ Լևոնն իր գործերը վաճառում կամ նվիրում է: Իսկ երբ որդին մի կողմ է նետում խոտանված խեցեղենը, թաքուն վերցնում ու պահում է: 

«Որդուս սարքած ամեն մի իր ինձ շատ թանկ է: Մեր ընտանիքում ոչ մեկը բրուտ չի եղել, որ Լևոնը տեսներ ու սովորեր: Իրենից  է եղել, հողի հետ խաղալ միշտ շատ  է սիրել, իսկ հիմա արդեն նույնիսկ գիշերներն է մոռանում տուն գալ իր  արհեստանոցից: Շատ  է սիրում  այս արհեստը»,-պատմում է մայրը՝  տիկին Մարինեն:

Կավ էիր՝ կուժ դարձիր. ինչպես միջազգայնագետը սիրահարվեց բրուտագործությանն ու հղկվեց կավով

Ամեն ինչ սկսվեց զինծառայությունից զորացրվելուց հետո, 2005 թվականին. աշխատանք չկար, և ստիպված բանվորության անցավ  Գյումրիում Իտալիայի հյուպատոսարանի կավի արվեստանոցում: Բանվորական գործի հետ նաև կավ էր շաղախում: Հետաքրքրությունը հենց այդտեղից սկսվեց՝ կողքից նայելով սովորողներին ու բրուտանիվի աշխատանքին: Երիտասարդը չէր էլ պատկերացնում, որ արվեստին  ու արհեստին երբեք մոտ  կանգնած չլինելով՝ կսիրի այս գործը:

Ավարտել է «Հայբուսակ» համալսարանի միջազգային հարաբերությունների բաժինը: Սիրում էր  այդ մասնագիտությունը, թեպետ ոչ մի օր չաշխատեց այդ գծով: Ասենք, միջազգային հարաբերությունների հարցերն ուսումնասիրելը հետո միջանձնային հարաբերությունները սահուն կառուցելու համար օգտակար եղավ:

Գեղանկարիչ  Վազգեն Գևորգյանի  մոտ  աշխատանքի անցնելուց հետո, Լևոնի մոտ էլ ավելի խորացավ սերը բրուտագործությամբ հանդեպ:

«Այնուհետև ավելի ու ավելի խորացա՝ համապատասխան գրականության,  ուսումնասիրությունների ծանոթացա: Մինչև 2009 թվականն աշխատեցի Վազգեն Գևորգյանի  հետ: Ես հենց բրուտանիվի վրա էի աշխատում, հետո որոշեցի, որ իմն ունենամ»,-պատմում է Լևոն Հովհաննիսյանը:

Նա վստահեցնում է՝ կրթությունը շատ է օգնում իր գործում: «Միջազգային հարաբերությունները շատ էի սիրում, բայց այս կավը տարավ ու մոռացնել տվեց ամեն ինչ: Իմ կրթությունը հիմա շատ է օգնում՝ արհեստավոր լինելուց բացի, պետք  մարդկանց հետ շփվես, գործը դիվանագիտորեն առաջ  տանես»:

Կավ էիր՝ կուժ դարձիր. ինչպես միջազգայնագետը սիրահարվեց բրուտագործությանն ու հղկվեց կավով

Այսպես, սեփական տան սենյակներից մեկը ձևափոխելով արհեստանոցի, ձեռք բերելով  կամ սեփական ձեռքերով պատրաստելով վառարաններ ու գործիքներ, Լևոնը սկսեց կավե իրեր պատրաստել: Հիմնականում սպասք, դեկորատիվ տարբեր առարկաներ ու հուշանվերներ է պատրաստում, թեև վստահեցնում է՝  կավագործությունն ավելի լուրջ արհեստ է: Լևոնն  այսօր ուրախությամբ է իր արհեստանոցում ընդունում նաև «Շիրակի» պետական համալսարանի ուսանողներին: «Ուրախ եմ, որ մշակութային քաղաքում նորից  սկսել են զարգանալ հին արհեստները»,- նշում է նա:

Թվում է, թե ավելի հասարակ ինչը կարող է լինել, քան կավը: Սակայն դա միայն թվում է: «Ամեն կավ չէ, որ լավն է, կերամիկայի ժամանակ՝ հատկապես»,- ասում է բրուտը: «Մինչև չհասկանամ այդ կավի բաղադրությունը, ձեռք  չեմ բերի: Հիմնականում Շիրակի մարզի Հողմիկ (նախկինում՝ Իլի) գյուղի կավն եմ օգտագործում ու հետը խառնում  ռուսական և ուկրաինական կավերը, որոնք հրակայուն են»:

Կավագործության ամենաբարդ պրոցեսը  թրծումն է. առարկան կարող է դեֆորմացիայի ենթարկվել, վնասվել կամ ճաքել: 

«Եթե  այդ պրոցեսը ճիշտ է կատարվում, դու արդյունքի կհասնես: Կավի մեջ պահպանվող նույնիսկ 5 տոկոս ջուրը կարող է  ճակատագրական լինել: Իմ մոտ հիմա դա արդեն բարդ  չէ, ես հասել եմ այն բանին, որ  0,1  տոկոս է խոտան դուրս գալիս»:

Լևոնին այսօր կարելի է Գյումրիում տեսնել ցանկացած մշակութային-արհեստագործական միջոցառման կամ բացօթյա  ցուցադրությունների ժամանակ: Ասում է՝ ոչ այնքան կավե իրեր վաճառելու, այլ այս մոռացվող արհեստի մասին խոսելու, այն վերսին հանրայնացնելու նպատակով է մասնակցում: «Ես  այս գործով չեմ զբաղվում գումարի համար, ազնվությամբ եմ ասում՝ սա սկզբում հոբբի էր, հիմա արդեն իմ կյանքի անբաժանելի մասն է: Շատ պետք  է սիրես կավը, որ լավ կավագործ դառնաս»:

Կավ էիր՝ կուժ դարձիր. ինչպես միջազգայնագետը սիրահարվեց բրուտագործությանն ու հղկվեց կավով

34 ամյա Լևոնը հիմա մի մեծ  երազանք  ունի ՝ արհեստագործական  դպրոց ունենալ, որտեղ կկարողանա բրուտի իր մասնագիտությունը, հմտությունները  երեխաներին փոխանցել, իսկ մինչ այդ, հոր հոբբին փորձարկում է որդին՝  2 տարեկան Վրույրը, որ ժամերով կարող  է անցկացնել հոր արհեստանոցում:

Նա ավելի վաղ է սկսել, քան հայրը. Աստծո օգնությամբ՝ ավելիին թող հասնի: