Դատաիրավական բարեփոխումներ. ե՞րբ կխոսի նախագահ Սարգսյանը

Արմեն Սարգսյանը պատրաստ է իր փորձ փոխանցել պրոֆեսիոնալ մասնագետներին և ծանոթանալ նրանց կարծիքի հետ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի – Sputnik. Եթե առանձին անհատներ, պրոֆեսիոնալ մասնագետներ դիմեն ինձ, ես իմ անձնական կարծիքը, փորձառությունը կոնֆիդենցիալ ձևով կփոխանցեմ իրենց: Այս մասին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» թղթակցի այն հարցին, թե ե՞րբ նա կհայտնի իր կարծիքը դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ:

«Ես սպասում եմ այն օրվան, երբ դատաիրավական համակարգի բարեփոխումների, զանազան գործիքների, ինստիտուտների ստեղծման հանրային քննարկումները ավելի կոնկրետ մարմին կունենան: Այդ մարմինը կունենա առաջարկությունների տեսք, ասենք՝ կառավարությունից Ազգային ժողով: Ազգային ժողովը, հանրությունը կքննարկեն, և երբ այդ կոնկրետ առաջարկը կհայտնվի Հանրապետության նախագահի գրասեղանին, ես ամենայն ուշադրությամբ կծանոթանամ և իմ կարծիքը կարտահայտեմ»,- նշել է հանրապետության նախագահը:

Արմեն Սարգսյանը, սակայն, հավելել է, որ եթե առանձին անհատներ, որոնք հետաքրքրված են, պրոֆեսիոնալ մասնագետներ դիմեն նախագահին, նա իր անձնական կարծիքը, փորձառությունը կոնֆիդենցիալ ձևով կփոխանցի իրենց:

«Սա ընդամենը կլինի Արմեն Սարգսյանի կյանքի փորձի փոխանակում առանձին իրավաբանների, մասնագետների հետ, որոնց հետ շփվելիս, նորից եմ ասում, կոնֆիդենցիալ ձևով ես երբեք չեմ զլանա իմ կարծիքը ասելու»,- շեշտել է Արմեն Սարգսյանը:

Նախագահը խոստովանել է, որ իրականում ինքն էլ կարիք ունեմ քննարկման, տարբեր կարծիքներ լսելու, նախապատրաստվելու այն օրվան,  երբ օրենքը կամ օրենքները կհայտնվեն իր սեղանին: