ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի – Sputnik. Ամերիկայի Վիրջինիա Բիչ զբոսաշրջային քաղաքում այսօր տեղի ունեցած հրաձգության հետևանքով 12 մարդ է մահացել, կան նաև տուժածներ։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այս մասին տեղեկացրել է տեղի ոստիկանապետ Ջիմ Սերվերան։
Նա սկզբում հայտնել էր 11 զոհի և 6 վիրավորի մասին, բայց ավելի ուշ հստակեցրել, որ տուժածներից մեկը ստացած վնասվածքներից մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
«Չորս նոր տուժած էլ ունենք, որոնց օգնություն են ցուցաբերում հիվանդանոցում։ Եվ մենք տեղեկություն ունենք, որ կան մարդիկ, որոնք կարող են ինքնուրույն հասնել հիվանդանոց», – ասել է նա։
4 ոստիկանի ու կասկածյալների միջև երկարատև փոխհրաձգություն է եղել։
«Մենք 45 տրամաչափի ատրճանակ ենք հայտնաբերել, որոնք բարձր տարողության բազմաթիվ պահեստատուփեր ունեն։ Դրանք այդ պահին դատարկ էին», – ասել է ոստիկանապետը ` ավելացնելով, որ փոխհրաձգության ժամանակ գնդակը դիպել է ոստիկաններից մեկի զրահաբաճկոնին։
Վնասվածքների պատճառով կասկածյալը դադարել է դիմադրել։ Ոստիկանները փորձել են նրան առաջին օգնություն ցուցաբերել, բայց նա մահացել է։ Սերվերան հայտնել է նաև, որ հրաձգությունը տեղի է ունեցել շենքի բոլոր հարկերում, տուժածներից մեկը եղել է փողոցում, մեքենայի մեջ։ Դեպքի վայրում աշխատել են տարբեր ծառայություններ, այդ թվում ՀԴԲ–ն։
Ոստիկանությունը կասկածյալի ինքնությունն ու դրդապատճառները չի նշում` հաստատելով միայն, որ նա աշխատել է այդ շենքում և ազատ մուտքուելք է ունեցել։ Ավելի վաղ ամերիկյան Wall Street Journal պարբերականը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է, որ կրակը բացել էր 40-ամյա Դեուեյն Կրեդոկը։ Թերթի տվյալներով` նա վրեժից դրդված է գործել, սակայն մանրամասները հայտնի չեն։ Հայտնի է նաև, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տղամարդը բազմաթիվ զենքեր էր ձեռք բերել։