ՌԱԴԻՈ

Գյուղատնտեսական քաղաքականությունը պետք է առաջ գնա 3 ուղղությամբ. Խաչատրյան

Sputnik Արմենիայի հետ զրույցում նախկին գյուղնախարար Արթուր Խաչատրյանը խոսել է գյուղատնտեսություն ոլորտին անհրաժեշտ հիմնական փոփոխությունների մասին։
Sputnik

 

Ըստ Խաչատրյանի՝ գյուղատնտեսական քաղաքականությունը պետք է առաջ գնա 3 ուղղությամբ։ Առաջին թիրախը՝ տրադիցիոն գյուղացիներն են, որոնք ունեն հող, անասուն․ պետք է օգնել այդ մարդկանց 5 կովը դարձնեն 10 կով, օգնել, որ ճիշտ մշակեն հողերը։ Երկրորդ խոշոր ուղղությունը պետք է լինի ագրոբիզնեսը և խոշոր արդյունաբերական այգիների ստեղծումը։ Երրորդը պետք է ուղղված լինի գյուղատնտեսական շրջաններում որոշ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծմանը։

Մարգարյան. «Գյուղատնտեսությունը ռազմական արդյունաբերությանը հավասար ոլորտ է»

Նախկինում գործում էին տեքստիլ գործարարներ կամ այլ ֆաբրիկաներ և մարդիկ աշխատանք ունեին։ Հիմա մարդիկ միայն մի փոքրիկ հողի հույսին են մնացել․5 հոգով 3 կով են կթում կամ կես հեկտար այգի մշակում։ Պարզ է, որ ջանքը չի արդարանում։

«Հայաստանը ագրարարային երկիր է, բնակչության մոտ կես միլիոնը զբաղված է գյուղատնտեսությամբ , ՀՆԱ-ի 15-20 տոկոսը գալիս է առաջնային գյուղատնտեսությունից, 10 տոկոսից էլ ավելի գալիս է գյուղմթերքների վերամշակումից, բայց կառավարության կառուցվածքը նայում ես՝ ընդհանրապես գյուղատնտեսություն բառը չկա»,-ասել է նախկին գյուղնախարարը։

Խաչատրյանը վստահ է՝ գյուղի և գյուղատնտեսության նախարարություն պետք է լինի։ Այսինքն՝ գյուղի խնդիրները պետք է կարողանալ ամբողջությամբ լուծել ։ Մարդուն պետք է ելք տալ։

Խաչատրյանը հիշեցնում է` գյուղատնտեսությունն այսօր մեր երկրում ամենաքիչ ֆինանսավորվող ոլորտն է․հարևան երկրների հետ համեմատած մենք 3 անգամ ավելի քիչ ենք ծախսում այս ոլորտի վրա։

Մինչդեռ մեր գյուղացիները ռուսական շուկայում ադրբեջանական, թուրքական, վրացական պտուղ-բանջարեղենի հետ են մրցում։ Պարզ է , որ վրացին կամ թուրքը, որ աջակցություն է ստանում պետությունից ավելի էժան ապրանք է սպառում և ավելի շատ գումար աշխատում։

Արթուր Խաչատրյանը նշում է, որ պետությունը պետք է կարողանա պաշտպանել մեր տեղական արտադրողներին, որպեսզի և՛ դրսի շուկաներում մրցունակ լինի հայկական ապրանքը, և՛ սեզոնին հայկական շուկան չողողվի թուրքական լոլիկով ու վարունգով։