Դանակահարություն «Թումոյի» այգում. 17–ամյա տղան վնասվածք է ստացել կրծքավանդակի շրջանում

Երևանյան այգում դանակահարության դեպք է գրանցվել։ Դանակահարվածն ասել է, որ վիճել է Արզնիի ձորում, սակայն ոստիկանները պարզել են, որ դեպքը եղել է Երևանում, դանակահարողն էլ 19 տարեկան է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի — Sputnik. Ոստիկանները հայտնաբերել են «Թումոյի» այգում անչափահասին դանակահարած անձին։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

Երևանում 41 տարեկան կնոջ են առևանգել. տղամարդիկ սպառնացել են դանակով

«Մայիսի 29-ին, ժամը 04.10-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կողային մակերեսի թափանցող կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել Երևանի 17-ամյա մի բնակիչ։ Նրա մայրը հայտնել էր, որ «Արզնի» ձորում որդուն դանակով հարվածել են»,–հայտնում են ոստիկանությունից։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններին տուժողը հայտնել է, որ մայիսի 28-ին, ժամը 23.30-ի սահմաններում, մոր և քրոջ հետ «Արզնի» ձորում քայլելու ժամանակ իրեն անծանոթ անձը բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել։ Հետո վիճաբանություն է ծագել, որի ժամանակ իրեն դանակով հարվածել են:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղային դանակահարել են Երևան քաղաքի «Թումոյի» այգի կոչվող տարածքում:

Քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ են ստացել, որ մարմնական վնասվածքը պատճառել է 19-ամյա Անուշավան Հ․-ն։ Բացատրական աշխատանքների շնորհիվ մայիսի 31-ին, ժամը 13.00-ին նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին։

Անուշավան Հ․-ն ձերբակալվել է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: