Երևան էր եկել ՌԴ ավիացիոն մաքսատների ղեկավար անձնակազմը. ի՞նչ է քննարկվել ՊԵԿ-ում

Մոսկվայի օդանավակայանների մաքսատների ղեկավար անձնակազմն այցելել է «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայաններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի – Sputnik. Մայիսի 29-30-ն աշխատանքային այցով Երևանում է եղել Ռուսաստանի ավիացիոն մաքսատների ղեկավար անձնակազմը: Պատվիրակության անդամները Պետական եկամուտների կոմիտեում հանդիպել են ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանի և համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների հետ: Այս մասին հայտնում է ՊԵԿ–ի մամուլի ծառայությունը։

«Այցի ընթացքում քննարկվել են տարանցման դեպքում ուղևորների ուղեբեռի հայտարագրմանն ու մաքսային հսկողությանն առնչվող մի շարք հարցեր»,– նշված է հաղորդագրության մեջ:

Մասնավորապես, անդրադարձ է եղել միջազգային փոստային և էքսպրես-առաքումների նկատմամբ իրականացվող մաքսային հսկողության փորձին, ռիսկերի կառավարման համակարգին, ուղևորների մասին նախնական տեղեկատվության տրամադրմանը, ինչպես նաև Վայրի ֆաունայի և ֆլորայի վտանգված տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիայով (СИТЕС) նախատեսվող հսկողությանն ու մաքսանենգ ճանապարհով վերջիններիս փոխադրմանը:

«Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» մաքսատների ղեկավար անձնակազմն այցելել է նաև «Զվարթնոց» և «Շիրակ» միջազգային օդանավակայաններ՝ հենց տեղում գործող ընթացակարգերին ծանոթանալու նպատակով:

ՌԴ պատվիրակության կազմում էին՝ «Վնուկովո» մաքսատան պետ Գերասիմով Անդրեյը, նրա տեղակալ Կոնստանտին Միշինը, «Դոմոդեդովո» մաքսատան պետ Ալեքսանդր Իոֆիկը, «Դոմոդեդովո» մաքսատան մաքսային ընթացակարգերի և մաքսային հսկողության բաժնի պետ Պավել Երշովը, «Շերեմետևո» մաքսատան պետ Ալեքսեյ Տիմոֆեևը, «Շերեմետևո» մաքսատան պետի տեղակալ - «Շերեմետևո» օդանավակայանի (ուղևորային) մաքսային կետի պետ Ալեքսանդր Կոզլյանսկին: