Դրաստամատ Կանայանը ծնվել է 1884 թվականի մայիսի 31-ին, Իգդիրում. այս տարի մեծ գործչի 135-ամյակն է: Սովորաբար, նման հոբելյաններն արժե նշել կամ առնվազն առանձնացնել: Մանավանդ, եթե խոսքը, Բաշ-Ապարանի ճակատամարտի գլխավոր գործող անձանցից մեկի, հերոսի մասին է:
Առհասարակ, այդ կարգի նշանակալի անձանց, ազգին ու պետությանը անուրանալի ծառայություններ մատուցած պատմական դեմքերի գործունեության մասին հանրությանը պարբերաբար հիշեցնելու անհրաժեշտությունը կա: Ոչ միայն Դրաստամատ Կանայանի կամ ասենք, Արամ Մանուկյանի, ոչ միայն Գարեգին Նժդեհի կամ Ռուբեն Տեր-Մինասյանի...
Բայց ի՞նչ գիտեն մեզանից շատ-շատերը Դրաստամատ Կանայանի ու նրա գործունեության մասին: Եթե հարցում անցկացվի, ապա հանկարծ կարող է պարզվել, որ 90-ականներին կեսերին, այն էլ՝ Հայաստանում, ՀՅԴ գործունեության կասեցման ու ««Դրո» կառույցի» գործի համատեքստում պոպուլյար դարձած «Ելի՛ր, դաշնակ Դրո…» երգից այն կողմ շատերը ուրիշ էլ ոչինչ չգիտեն:
Ու հարցը սոսկ այն չէ, որ թվարկված ու բազմաթիվ չթվարկված գործիչներն անուրանալի ավանդ են ունեցել մեր պետականության վերականգնման գործում: Հարցը նաև սոսկ պատմական իրադարձություններ ու տարեթվեր հիշելու մեջ չէ: Հիմնական հարցը պատմությանը լավատեղյակ լինելն է, ինչը թույլ է տալիս բազմապատիկ ավելի բանիմաց ու հեռատես գործել ներկայում և ապագայի համար:
Իսկ Դրաստամատ Կանայանի մասին տեղեկություններ կարելի է քաղել թեկուզ Վիքիպեդիայից...թեկուզ
Կարծում ենք` շատերը գոնե գիտեն, որ 1918 թվականի մայիսի 23-27-ին Դրաստամատ Կանայանն է ստանձնել Ապարանի ճակատի հրամանատարությունը:
Բայց այն, որ նույն թվականի դեկտեմբերին վրաց-հայկական պատերազմ է եղել և Վրաստանը նպատակ է ունեցել զավթել Լոռին, գիտեն հայոց պատմության դասերից ոչ միայն չբացակայածները, այլև այդ դասը աչքի անցկացրած հայրենակիցները: Չնայած, վստահ չենք, թե շատերն են հիշում, որ հայկական զորախումբը Դրաստամատ Կանայանի գլխավորությամբ է մեկ ամսվա ընթացքում Լոռին լիովին ազատագրել՝ ջախջախելով այստեղ ներթափանցած վրացական զորքերը: Ըստ որում, մերոնք Թիֆլիսն էլ կարող էին հանգիստ գրավել, եթե իհարկե, արտաքին-դիվանագիտական միջամտության հանգամանքը չլիներ:
Այդ Դրաստամատ Կանայանի գլխավորած զորախումբն է 1920-ի ապրիլին շտապել օգնության հասնել թուրք-թաթարական ասպատակության տակ հայտնված Արցախի հայությանը, նախքան այդ ավարտին հասցնելով Զանգեզուրի ազատագրումը:
Եվ մի հետաքրքրական պահ էլ կցանկանայինք ընդգծել:
Հայտնի է, որ Դրաստամատ Կանայանը նշանակվել է Հայաստանի առաջին Հանրապետության վերջին ռազմական նախարար՝ բավականին տհաճ ու ծանր պարտականությամբ իշխանությունը փոխանցել տնաքանդության լծված բոլշևիկական հեղկոմին: Առավել տհաճ պիտի լիներ դա մի զորահրամանատարի համար, որն ի տարբերություն Կարսը առանց պայքարի թուրքին թողած ու բոլշևիկյան մոլորեցրած պրոպագանդային կուլ գնացած զորախմբի, հայ-թուրքական ճակատի իրեն վստահված Սուրմալուի մասում 1920-ի հոկտեմբերին ինչպես հարկն է ջարդ էր տվել գրեթե քառապատիկ գերազանցող թուրք-քրդական ուժերին:
Բայց հետաքրքրական հանգամանքներից մեկն այն է, որ Դրաստամատ Կանայանը եղել է մեր Առաջին Հանրապետության այն սակավաթիվ գործիչների շարքում, որը մյուսներից ավելի վաղ է հասկացել այն, ինչն, օրինակ, նախկին վարչապետ Սիմոն Վրացյանը արձանագրել է արդեն հետին թվով:
Այո, խոսքն այն մասին է, որ Հայաստանը կարող էր շատ ավելի վաղ խորհրդայնացվել, ինչով զգալիորեն կխուսափեր խոշոր տարածքային կորուստներից: Փաստ չէ, որ սահմանը Կարինի մոտով կանցներ, մանավանդ, որ պատմությունը «եթե…»-ներ չի սիրում: