Մայիսի 30-ի լույս 31-ի գիշերը ՊԲ-ի զրահատանկային ու հրետանային մի շարք զորամասերում, գիշերային պայմաններում իրականացվել են հանկարծակի ստուգումներ։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Ստուգումների ընթացքում զորամասերի բոլոր ստորաբաժանումները բարդ ու անծանոթ տեղանքում կատարել զորաշարժեր ու խուսավարումներ, ինչպես նաև մարտական պատրաստականության պլաններով նախատեսված այլ գործնական մարզումներ:
Զորքերի` մարտական կիրառման ու կենտրոնացման շրջաններում ծավալվելուն զուգահեռ, համապատասխան վայրերում ծավալվել են նաև նշված զորամասերի կառավարման և ապահովման մարմինները, որոնք ևս, ստեղծված և արագ փոփոխվող մարտական իրադրությանը համահունչ, ընդունել են որոշումներ, ճշգրտել սեփական անելիքներն ու խնդիրներ առաջադրել ենթականերին:
Իրականացվող գործընթացներին տեղերում հետևել և հընթացս անհրաժեշտ ցուցումներ են տվել բանակի հրամանատարի տեղակալներն ու վարչության սպայակազմի ներկայացուցիչները:
Գիշերային պայմաններում և լիովին անծանոթ տեղանքում անցկացված վարժանքները ևս մեկ անգամ փաստել են, որ ՊԲ-ի զորամասերը ունակ են գործելու օրվա կամայական ժամի և կամայական տեղանքում, ղեկավարվել ցանկացած իրավիճակում և բոլոր դեպքերում հասնել առաջադրված խնդրի գերազանց կատարմանը: