ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի — Sputnik.Հայաստանում գործարկված Էլեկտրոնային նոր հարթակը թույլ կտա, որ բոլոր ցանկացողները պետական ծառայությունները ստանան «մեկ պատուհանի» սկզբունքով։ Armenia.eregulations.org հարթակի շնորհանդեսն այսօր կայացավ ՄԱԿ–ի հայաստանյան ներկայացուցչությունում։
«Էլեկտրոնային կառավարումը որպես օտարերկրյա ներդրումները խթանելու գործիք» ծրագրի ղեկավար Արտակ Պողոսյանը լրագրողներին հայտնեց, որ այս հարթակի միջոցով հնարավոր կլինի բացել սեփական ձեռնարկությունը (ՓԲԸ, ՍՊԸ կամ արտասահմանյան ընկերության մասնաճյուղ) կամ ռեզիդենտի քարտ ստանալ (մեկ կամ հինգ տարով)։ Գործարարները կկարողանան գրանցել նաև իրենց տեխնոլոգիաների ինտելեկտուալ սեփականությունը։ Իսկ երբ նրանք սկսեն սեփական ապրանքը թողարկել Հայաստանում, հարթակը նրանց կրկին պետք կգա. դրա միջոցով կկարողանան իրենց ապրանքների ծագման արտոնագիրը ստանալ։ Այս ամենը հնարավոր կլինի անել էլեկտրոնային ռեժիմով։
Հենց համակարգում կկարողանան նաև պայմանագրեր կնքել կոմունալ ծառայությունների (հոսանք, գազ, ջուր) համար։ Այդ ֆունկցիան հասանելի կլինի մոտ ապագայում։
Օտարերկրյա ներդրողները նոր համակարգի օգնությամբ կկարողանան Հայաստանում ձեռնարկություններ բացել համակարգչի դիմաց նստած` առանց այսուայն կողմ վազելու։ Իսկ դա կբարձրացնի Հայաստանի գրավչությունը օտարերկրյա ներդրողների համար։