ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Խաղային ավտոմատների օգտագործման սահմանափակումը չի լուծի Հայաստանում խաղամոլության խնդիրը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը։
Մայիսի 29-ին բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցների մի խումբ փակել էր Բաղրամյան պողոտան, ԱԺ–ի շենքի դիմաց` պահանջելով վերանայել այդ ընկերությունների գործունեության պայմանները խստացնելու օրինագիծը։ Բողոքի ակցիայի մասնակիցները համաձայնել էին բանակցել օրենսդրական իշխանության ցանկացած ներկայացուցչի հետ, բացի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից, որն օրինագծի հեղինակներից մեկն է։
Ցույցերի անցկացման պատճառը` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանն արժանացած օրինագիծն էր` վիճակախաղերի և մոլախաղերի կազմակերպման, խաղային ավտոմատների և տոտալիզատորների շահագործման պայմանների խստացման մասին։ Խաղատները 1.5 տարվա ընթացքում պետք է տեղափոխվեն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի, իսկ խաղային ավտոմատները օրենքն ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում պետք է վերացվեն։
Օրինագծից դժգոհ բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցները պնդում են, որ օրինագիծն ընդունվում է ելնելով «Վիվառո» ընկերության (սեփականատերը Ալեն Սիմոնյանի ընկերն է) շահերից, որը գերիշխում է առցնաց–խաղատների ոլորտում։
ԱԺ փոխխոսնակը կարծում է, որ բողոքի ակցիան միայն մեկ ընկերություն է կազմակերպել («Goodwin»), որը մենաշնորհային դիրք է զբաղեցնում խաղային ապարատների շուկայում, և նրա հետ կապված կազմակերպությունները, սակայն «չարիքի» դեմ պայքարը կշարունակվի` անկախ քննադատությունից։
«Նախագիծը պետության համար երկակի նշանակություն կունենա։ Ավելի քան հազար աշխատատեղերի կրճատումը կհանգեցնի որոշակի սոցիալական խնդիրների և լարվածության հասարակության շրջանում, քանի որ դա բավական մեծ թիվ է հայկական տնտեսության համար», – ասաց Խաչատրյանը` մեկնաբանելով իշխանությունների նոր նախաձեռնությունը։
1.5 տարին, որի ընթացքում գրասենյակների աշխատակիցները պետք է նոր աշխատանք գտնեն, տնտեսագետը խելամիտ ժամկետ է համարում։ Սակայն նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Հայաստանի պայմաններում 1300-1500 մարդ աշխատանքի տեղավորելն այդքան էլ հեշտ չէ։
«Իզուր չէ, որ կառավարությունը որոշել է հարկային արտոնություններ տրամադրել այն ընկերություններին, որոնք 20-30 նոր աշխատատեղեր կստեղծեն։ Իշխանությունները ներկա տնտեսական իրավիճակի պայմաններում գիտակցում են նույնիսկ մի քանի տասնյակ աշխատատեղերի կարևորությունը», – նշեց Խաչատրյանը։
Մյուս կողմից` պետք է հաշվի առնել այն վնասը, որը պատճառվում է խաղամոլությամբ տառապող քաղաքացիներին, բուքմեյքերական գրասենյակների գործունեության հետևանքով (ունեցվածքի կորուստ, չմարած վարկեր և ավելի ողբերգական հետևանքներ)։
Ընդ որում, տնտեսագետի կարծիքով, միայն խաղային ապարատների դեմ պայքարը խնդիրը չի վերացնի, համալիր լուծում է անհրաժեշտ։
«Ինձ համար մինչև վերջ պարզ չէ, թե ինչ նպատակ են հետապնդում օրինագծի հեղինակները։ Եթե նպատակը բացառապես պայքարն է խաղամոլության դեմ, ապա հարց է առաջանում, ինչու է նախագիծը վերաբերում խաղային ապարատներին, բայց ոչ առցանց ոլորտին», – նկատեց Խաչատրյանը։
Մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունն այն մասին, որ առցանց խաղատների գործունեությունը սահմանափակելը բարդ ու ծախսատար խնդիր է, տնտեսագետը նշեց, որ ժամանակակից տեխնոլոգիաները նման հնարավորություն տալիս են։ Նրա կարծիքով` կարելի է սահմանափակել առցանց խաղատների հասանելիությունը։
Խաչատրյանի խոսքով, ամենայն հավանականությամբ չկա բազմակողմանի ուսումնասիրություն այն մասին, որ խաղամոլությունը սարսափելի ծավալների է հասել, շատ մարդկանց ճակատագրեր են քանդվում։
Նշենք` հանրահավաքի մասնակիցներին հաջողվել է հանդիպել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանի հետ, որը, "Goodwin" ընկերության ղեկավար Սարգիս Միքայելյանի խոսքով, խոստացել է հաշվի առնել նրանց առաջարկություններն ու թույլ տալ խաղային սարքեր օգտագործել բուքմեյքերական գրասենյակներում (նրանք արդեն սկսել են հանել սարքերը գազալցակայաններից)։