Ոստիկանության աշխատակիցը փրկել է լիճն ընկած երեխայի կյանքը. տեսանյութ

Զուգադիպություն է, թե՞ նախախնամություն, աստված գիտի, բայց և՛ ջուրն ընկած երեխայի անունն է Վարդան, և՛ նրան փրկած ոստիկանի։ Փոքրիկի հարազատները որոշել են, որ «փրկության օպերացիայից» հետո իրենք ոստիկան Վարդանի հետ քավոր-սանիկական կապ են հաստատելու։
Sputnik

Ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողը երեխայի կյանք է փրկել։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը` ոստիկանի ու երեխայի պատմությունը ներկայացնելով տեսանյութով։

Ոստիկանության հատուկ նշանակության վարչության աշխատակից, ավագ լեյտենանտ Վարդան Ֆիդանյանը մայիսի 26-ին կնոջ և աղջկա հետ եղել է Երևանի զբոսայգիներից մեկում, որտեղ լիճ կա։ Երեխաները խաղացել են, մարդիկ` զբոսնել, երբ հանկարծ ճիչեր են լսվել։ Երեխա է ընկել լիճը։

Ոստիկանը նկատել է` ինչպես է երեխան ընկնում ջուրը, վազել ու ցատկել է ջուրը, երեխային հանել ու մոտեցրել ափին։

8 տարեկան Վարդանի հարազատները որոշել են իրենց փոքրիկին փրկած Վարդանին կնքահայր դարձնել։

Այս դեպքից հետո փոքրիկի տատը, որը կյանքի ընթացքում շատ դժվարություններ է տեսել, ասում է, որ մարդկանց հանդեպ հավատը մեծացել է։ Վարդանի հարազատներն ուզում են, որ ոստիկանությունում Վարդաններ շատ լինեն։