Սամվել Բաբայանի գրասենյակը ահազանգել է` նրա համակիրների ուղղությամբ կրակել են

Տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մինչ Բաբայանի գրասենյակի հայտարարությունը ՀՀ ոստիկանությունն արդեն տեղյակ է եղել։ Կատարվում է քննություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևան- Մարտունի ավտոճանապարհին հետապնդման են ենթարկվել ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի համակիրները։ Այս մասին այսօր ահազանգել է Սամվել Բաբայանի գրասենյակը։

«Արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում , այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։ Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։ Այդ ճանապարհահատվածի բոլոր հնարավոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են «բանդայի» մրցավազքը»,– ասված էր հայտարարության մեջ։

«Փորձում են իրենց արածը գցել ուրիշի վրա». Սամվել Բաբայանը` «Հոկտեմբերի 27»-ի մասին

Ահազանգողները նաև հայտնում են, որ իրենց տեղեկություններով, դա եղել են «Քարվաճառի և Մարտակերտի հրոսակախմբերը, որոնց պարագլուխներն են Բալայան Ալեքսեյ, Այդինյան Ռոլանդ, Միրզոյան Գրիգորի անուններով արցախցիների մեջ քաջ հայտնի երիտասարդները»։

Նշվում է նաև, որ կրակողներից մեկը եղել է սպիտակ «Տոյոտա Քեմրի» ավտոմեքենայով, որը պատկանում է Ալեքսեյ Բալայանին։

«Այս բանդաները իրենց պարագլուխներով ծառայում են ԱՀ նախկին վարչապետ, իսկ հիմա ԱՀ նախագահի թեկնածու , «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանին»,– նշված է հայտարարության մեջ։

Բաբայանի գրասենյակը կոչ է անում ՀՀ ԱԱԾ-ին ու իրավապահ այլ կառույցներին` հետամուտ լինել միջադեպի բացահայտմանն ու մեղավորներին պատժելուն։

«Իսկ եթե իրավապահ մարմինները հետամուտ չլինեն այս ամենի բացահայտմանը, ապա մենք ստիպված կլինենք կիրառել նույն մեթոդները և պատասխան հասցնել նույն ոճով, որովհետև այլ ելք չի մնում»,– նշում է Սամվել Բաբայանի գրասենյակը։

Տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ մինչ Բաբայանի գրասենյակի հայտարարությունը ՀՀ ոստիկանությունը, պարզվում է, արդեն տեղյակ է եղել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Էդգար Ջանոյանը։

«Տեղեկացնենք, որ նախքան այդ հայտարարությունը ոստիկանությունն արդեն իսկ օպերատիվ տվյալներ ուներ և ոստիկանության պետի հանձնարարությամբ ձեռնարկվել և այս պահին էլ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը, նրանց գտնվելու վայրը ճշտելու, ինչպես և կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,– նշում է Ջանոյանը։

Ոստիկանությունը շարունակում է միջոցառումներ իրականացնել։ Կատարվում է քննություն։