Պայքարելու եմ մինչև վերջ. ինձ անհիմն մեղադրանք ներկայացրած մարդիկ պիտի պատժվեն. Սիմոնյան

Ուլիսի» նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը պատմեց իր կրած տանջանքների մասին և խոսեց ապագա անելիքներից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի — Sputnik. «Երեք տարի ու հինգ ամիս պայքարել եմ, որպեսզի կարողանամ ապացուցել, որ երբևէ ներքաշված չեմ եղել ֆուտբոլում չարիք համարվող «վաճառված խաղերի» մեջ: Ու հիմա ուրախ եմ, որ արդարությունը հաղթեց»։ Այս խոսքերով  Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի ակումբում իր ասուլիսը սկսեց «Ուլիսի» նախկին մարզիչ Գագիկ Սիմոնյանը:

Գագիկ Սիմոնյանն այլևս չի լռելու, «Ուլիսի» գլխավոր մարզիչը բացում է խաղաքարտերը

2015 թվականին «վաճառված խաղերի» մեղադրանքով ձերբակալվեցին «Ուլիսի» նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը, թիմի ադմինիստրատորը, առաջին խմբի մարզիչներից մեկն ու մեկ ֆուտբոլիստ: Ներկայումս հարուցված քրեական գործը կարճվել է, բոլորն ազատության մեջ են, իսկ Գագիկ Սիմոնյանն այս տարվա մայիսի 24-ի ՀՖՖ գործկոմի նիստի որոշմամբ արդարացվել է:

«Ես շատ ծանր օրեր եմ անցկացրել ու չեմ էլ կարող նկարագրել, թե ինչպիսի ապրումների մեջ եմ եղել: Լավ է, որ կարողացա ապացուցել բոլորին, որ մաքուր եմ: Շնորհակալ եմ ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությանը, որ ճիշտ գնահատական տվեց տեղի ունեցածին և դրանով արդարությունը հաղթեց։ Ամեն ինչ անելու եմ, որ ինձ անհիմն մեղադրանք ներկայացրած մարդիկ պատժվեն։ Պայքարելու եմ մինչև վերջ»- ասեց Գագիկ Սիմոնյանը:

«Ուլիսի» գլխավոր մարզիչը բացում է խաղաքարտերը. Գագիկ Սիմոնյանի ասուլիսը լուսանկարներով

2015 թվականին «Ուլիսի» անվան հետ նաև կապվեցին շատ կասկածելի խաղեր, որոնցում որպես խաղադրույք բավականին մեծ գումարներ էին դրվել: Անդրադառնալով այդ մեղադրանքին` Սիմոնյանն ասաց. «Հայաստանում որպես խաղադրույք մեծ գումարներ չէին դրվել, միլիոնից ավելի դոլար խաղադրույք կատարվել էր դրսում: Բայց, թե ո՞վ ու ինչպե՞ս` արդեն ես չգիտեմ»:

Արդարացումը Սիմոնյանին հնարավորություն է տալիս նորից իր սիրած գործով՝ մարզչական աշխատանքով զբաղվելու. «Ես ինձ երբեք առանց ֆուտբոլի չեմ պատկերացրել: Որդիս «Փյունիկ» ակումբի սան է, ու ես նաև նրա համար եմ պայքարել և հաղթել: Իսկ հիմա արդեն կարող եմ աշխատել ֆուտբոլում որպես մարզիչ, ու այդ առումով բանակցությունների մեջ եմ Երևանի «Արարատի» հետ», - ավելացրեց Սիմոնյանը:

Ֆուտբոլի, առհասարակ, սպորտի համար չարիք համարվող նման երևույթն արմատախիլ անելը գրեթե անհնար է: Սակայն այն, որ դրա դեմ պայքարել է պետք, կասկածից վեր է: Հուսանք`խարդախությամբ զբաղվողները կկրեն իրենց արժանի պատիժը։ Իսկ Գագիկ Սիմոնյանը, հուսանք, շուտով կանցնի աշխատանքի: