Ողբերգական վթար Երևան-Սևան ճանապարհին. երիտասարդ վարորդը տեղում մահացել է

26 տարեկան վարորդի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ծառին ու կողաշրջվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհի 19-րդ կմ-ում՝ «Պիկնիկ» մոթելի մոտակայքում երեկ` մայիսի 28-ին ողբերգական պատահար է տեղեի ունեցել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

911 ծառայությունը ՃՏՊ–ի մասին ահազանգը ստացել է ժամը 20:25-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 19-րդ կմ-ում «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա.Ղ., ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և կողաշրջվել: Պատահարի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենան ուղղվել է տեղի ուժերով, իսկ վարորդի դին դուրս բերվել:

Փրկարարները սահմանազատել են տարածքը: