Սպառնացել են աշխատանքից ազատել բանվորուհիներին. ինչ է կատարվում «Սասստեքս» ընկերությունում

Մինչ լրագրողներին հանդիպելը գործարանի 150 բանվորուհիներն ի նշան բողոքի հրաժարվել էին աշխատել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գյումրու «Սասստեքս» ընկերության ղեկավարությունը սպառնացել է աշխատանքից ազատել այն բանվորուհիներին, որոնք իրենց աշխատանքային պայմաններից բողոքել էին լրագրողներին:

Ի՞նչ խնդիրեր ենք լուծում ներառական կրթությամբ. 3 մարզում անցկացվել է հետազոտություն

Ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների` այսօր` մայիսի 29-ին, Գյումրու «Սասստեքս» կարի գործարանի աշխատակիցները  լրագրողներին ներկայացրել էին իրենց աշխատանքային պայմաններն ու դժգոհել դրանցից և աշխատավարձից։ Դրանից հետո գործարանի ղեկավարությունը սպառնացել է լրագրողներին բողոքող մոտ 40 աշխատակցի աշխատանքից ազատել: Արդյո՞ք այդպես կվարվեն, թե՞ ոչ, պարզ կդառնա միայն երկուշաբթի՝ մինչ այդ գործարանի ղեկավարությունը կփորձի հստակեցնել աշխատավարձի հետ կապված խնդիրները:

Մինչ լրագրողներին հանդիպելը գործարանի 150 բանվորուհիներն  ի նշան բողոքի հրաժարվել էին աշխատել: Նշենք, որ բանվորուհիները պահանջում էին վերանայել իրենց՝  ապրիլ ամսվա աշխատավարձի չափը: Վերջիներիս  պնդմամբ  55 հազար դրամի փոխարեն իրենք ստացել են շատ ավելի քիչ՝  36-ից մինչև 12 հազար դրամ աշխատավարձ: «Շատ դեպքերում աշխատում ենք շաբաթ կամ կիրակի, իսկ դրա դիմաց չենք վճարվում: Ստրուկի պես ենք աշխատում: Հարգելի բացակայությունը կամ հիվանդության թերթիկները չեն վճարվում», -նշեց աշխատակցուհիներից մեկը։

Սպառնացել են աշխատանքից ազատել բանվորուհիներին. ինչ է կատարվում «Սասստեքս» ընկերությունում

Ի դեպ,  աշխատավարձերի կրճատումը գործարանի ղեկավարությունը նախ բացատրել է Եվրոպա ուղարկված անորակ արտադրանքով, մեկ այլ  դեպքում` գործավարձային պայմանագրի անցնելով: «Դրանք բոլորը սուտ խոսքեր են, որովհետև այստեղ ապրանքը որակի  հսկողություն է  անցնում, կան լեհ  տեխնոլոգներ, ովքեր հետևում  են, այնպես որ դա բացառում ենք»,–ասում են բանվորուհիները։

Հավելենք, որ գործարանից նշում են՝ աշխատավարձի փոփոխությունը կապված է այն բանի հետ, որ աշխատանքային պայմանագրից անցում են կատարում գործարքային պայմանագրի:

Հավելենք` ընկերությունը  գործում է Վարդան Սրմաքեշի ներդրումային ծրագրի շրջանակներում: «Սասստեքս» ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջին տարիներ շարունակ խոստանում էր միայն Գյումրիում ստեղծել մոտ 300-500 աշխատատեղ: Կառավարությունն այդ նպատակով ընկերությանը տրամադրել է նախկին մարզային հիվանդանոցի շենքը և հարակից տարածքները:  Գործարանի նոր մասնաշենքի հիմնարկեքին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: