ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Ներառական կրթության գործընթացը ՀՀ նոր մարզերում ավելի արդյունավետ դարձնելու և խնդիրները հնարավորինս բացառելու համար 3 թիրախային մարզերի ընտրանքային թվով 114 դպրոցներում և 11 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններում անցկացվել է հետազոտություն:
Այսօր` մայիսի 29-ին հետազոտության արդյունքները ներկայացվեց Շիրակի մարզում:
Նշենք, որ համընդհանուր ներառականության գաղափարը և ներառական կրթության մոդելը Տավուշի, Լոռու ու Սյունիքի մարզերում որոշակի ընթացք է ստացել:
Հետազոտությունն անցկացրել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը ու Համայնքային ներառականության և հաշմանդամության հիմնախնդիրների հետազոտական կենտրոնը:
Կրթական դաշտում առկա են փոխադարձ անըմբռնողականության և անհամաձայնության հետ կապված հարցեր, աջակցության կենտրոնների մասնագետների այցերը դպրոց ցածր արդյունավետություն ունեն։ Հետազոտության արդյունքները ներկայացնելով` այս կարծիքը հայտնեց համալսարանի միջազգային համագործակցության բաժնի ղեկավար Մարիաննա Հարությունյանը։
«Ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաների հետագա ուսումնառության հարցերը հստակեցված չեն: Ծնողները լավ չեն պատկերացնում ներառական կրթության բովանդակությունը, նաև ուսուցչի օգնականի գործառույթը հստակեցման կարիք ունի, իսկ ֆիզիկական միջավայրը ներառական կրթության համար անմատչելի է և ոլորտում ֆիզիկական լուրջ ռեսուրսների ներդրման անհրաժեշտություն կա»,-նշեց Մարիաննա Հարությունյանը: Հետազոտող խումբը ներկայացնում է նաև առաջարկների փաթեթ՝ հասարակական ոլորտին, հանրակրթական համակարգին և ՀՀ ԿԳ նախարարությանը:
«Պետք է հստակեցնել համընդհանուր ներառական կրթության իրավաօրենսդրական դաշտի և ուսումնադաստիարակչական գործընթացների համապատասխանությունը, վերանայել համընդհանուր ներառական կրթության իրավաօրենսդրական փաստաթղթերը և ցանկացած իրավաօրենսդրական փաստաթուղթ մշակելիս առաջնորդվել ոլորտի խորը հետազոտական ուսումնասիրության արդյունքներով»:
Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը իր խոսքում նշեց՝ պետք նախ և առաջ հստակեցվի համընդհանուր ներառական կրթությունը ինչ նպատակ է հետապնդում ՝ սոցիալիզացման, թե՞ գիտելիք տալու:«Մի կողմից փորձում ենք ներառել նման խնդիրներ ունեցող երեխաներին հասարակության մեջ, մյուս կողմից պարտադրում ենք կրթություն ստանալ և փոխադրվել հաջորդ դասարան, ինչն անջրպետ է առաջացնում: Ցանկացած քայլ իրականացնելուց առաջ նախ պետք է նպատակը հստակեցնել նոր սկսենք, քննարկել, առաջադրանքներ դնել»,-ասաց Կարապետյանը:
Հետազոտություն իրականացվել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Ներառական և համապատասխան որակյալ կրթություն բոլորի համար» ծրագրի շրջանակներում: