Ակտիվիստները գնացին բանակցելու, բայց Ալենին տեսնել չեն ուզում. բողոքի ցույցի մանրամասները

Բուքմեյքերական գրասենյակների ներկայացուցիչները մտադիր չեն հանդիպել սկանդալային նախագծի հեղինակի հետ։ Փողոցը փակած քաղաքացիները լավ նորությունների կսպասեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Բաղրամյան պողոտան փակած բուքմեյքերական գրասենյակների աշխատակիցների խումբը գնացել է հանդիպելու պատգամավորների հետ։ Նրանք համաձայն են բանակցել գործադիր իշխանության ցանկացած ներկայացուցչի հետ, բացի «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր և փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից։

Ավելի վաղ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն էր տվել վիճակախաղերի և մոլախաղերի կազմակերպման, խաղային ավտոմատների և տոտալիզատորների շահագործման պայմանների խստացման մասին օրինագծին։ Խաղատները 1.5 տարվա ընթացքում պետք է տեղափոխվեն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ և Մեղրի, իսկ խաղային ավտոմատները օրենքն ընդունելուց հետո 10-օրյա ժամկետում պետք է վերացվեն։

«Ալեն Սիմոնյանի հետ խոսելու բան չունենք։ Այն, ինչ հնարավոր էր, մենք արդեն քննարկել ենք», – հայտարարեց բուքմեյքերական ընկերություններից մեկի տնօրեն Սարգիս Միքայելյանը։

Բուքմեյքերական գրասենյակների ներկայացուցիչները հայտարարեցին, որ ճանապարհը փակ կլինի այնքան ժամանակ, մինչև բանակցող խումբն իրենց համար լավ նորություններով չվերադառնա։

Բողոքի ակցիա Երևանում. մարդիկ փակել են Բաղրամյան պողոտան. տեսանյութ

Բաղրամյան պողոտայի և մասամբ Դեմիրճյանի փողոցի երթևեկությունը կաթվածահար է եղել։

Հիշեցնենք, որ կառավարությունը ևս հավանություն էր տվել վիճակախաղերի կազմակերպման պայմանների խստացման մասին նախագծին։ Օրինագիծը մշակվել է մոլախաղերի դեմ պայքարի շրջանակում։ Նրանց առաջարկվում է տարիքային շեմ սահմանել, սահմանափակել այն անձանց մասնակցությունը, որոնք անգործունակ են ճանաչվել։

Գործադիր մարմինը խաղերի մասնակիցների շահերի պաշտպանության համար նաև ֆինանսական երաշխիքներ կպահանջի։ Կառավարությունը նպատակահարմար է համարում երաշխիքը սահմանել պետտուրքի չափով, այսինքն` 500 մլն դրամ։