«Ղալաթ էին անում». փոխվարչապետը` Բակո Սահակյանի գլուխը «քարով ցխելու» ու ակցիայի մասին

Տիգրան Ավինյանը չի հավատում դավադրությունների տեսություններին ։ Նա չի հավատում նաև, որ Երևանում անցկացված ակցիան հատուկ էր կազմակերպված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Երևանի Ազատության հրապարակում անցկացված ակցիայի ժամանակ Բակո Սահակյանի գլուխը «քարով ցխելու» հայտարարությանը քաղաքական գնահատական տալու խնդրանքին ի պատասխան ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր կարճ պատասխան տվեց։

«Ղալաթ էին անում»,– լրագրողներին ասաց նա։

Մայիսի 25–ին ի պաշտպանություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կազմակերպված հանրահավաքի ընթացքում ակտիվիստներից մեկը` Ջիվան Աբրահամյանը, հայտարարել էր, որ ինքն առաջինը կլինի, որ կոչ կանի ու կգնա և «քարով կցխի» Բակո Սահակյանի գլուխը, եթե նա հանկարծ որոշի Ռոբերտ Քոչարյանին տանել Արցախ և չվերադարձնել ՀՀ իրավապահներին։

Մեկ-երկու անձի հրաժարականը համակարգային բարեփոխումների չի բերի. Ավինյան

«Շատ մեծ հավանականությամբ դա ուղղակի որոշ մարդկանց ինքնագլուխ քայլերի արդյունքն է։ Կարծում եմ` չմտածված, ոչ խորապես մտածված և ոչ այդքան լավ հետևանքներ ունեցող քայլ են արել»,– ասաց Ավինյանը։

Նա հայտնեց, որ դավադրությունների տեսություններին չի հավատում, և չի կարծում, որ այդ ակցիան կազմակերպված էր ։

Հարցին, թե անգործություն չկա՞ իրավապահների կողմից, քանի որ այդ անձը հիմա ազատության մեջ է, փոխվարչապետը պատասխանեց` ոչ։

«Իրավապահ մարմինների անգործություն չեմ տեսնում, որովհետև տեսել եմ իրավապահ մարմինների կոնկրետ գործողություններ այդ հայտարարություններից հետո: Այսինքն՝ դատարանի վճի՞ռ է կայացվել, որ անձը մեղավոր է և պե՞տք է դատապարտվի: Կարծում եմ՝ համապատասխան քննություն պետք է լինի, ինչն էլ ցույց կտա արդյունքները»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ Ջիվան Աբրահամյանը բերման էր ենթարկվել, հետո ազատ արձակվել։