ՀՀԿ–ն Առաջին Հանրապետության օրը նշել է Վայոց Ձորում. լուսանկարներ

Էդուարդ Շարմազանովը հայտնել է, թե որտեղ ու ինչպես են ՀՀԿ–ն ու Սերժ Սարգսյանը նշել մայիսի 28–ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Հայաստանի հանրապետական կուսակցության ներկայացուցիչները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել են Վայոց Ձորի մարզի Սպիտակավոր եկեղեցի և հարգանքի տուրք մատուցել Գարեգին Նժդեհի հիշատակին։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` լուսանկարներ հրապարակելով այցից։

«Այսօր՝ մայիսի 28-ին, Հանրապետության օրվա և մայիսյան հերոսամարտերում հաղթանակների առթիվ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները ՀՀԿ նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այցելել են Վայոց Ձորի Սպիտակավոր եկեղեցի, ուր ննջում է 1-ին Հանրապետության պետական այր, մեծն զորավար, 1918թ. մայիսին Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոս Գարեգին Նժդեհը և հարգանքի տուրք մատուցել Հայոց Սպարապետի անմահ հիշատակին»,– հայտնում է Շարմազանովը։

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն Առաջին Հանրապետության 101-ամյակի կապակցությամբ շնորհավորական ուղերձ էր հղել ու ծաղկեպսակ ուղարկել Սարդարապատի հուշահամալիր։