ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի — Sputnik. Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Նուր-Սուլթանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նիստի ընթացքում մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում թանկարժեք մետաղներին և թանկարժեք քարերին առնչվող գործողությունների առանձնահատկությունները, Սինգապուրի հետ ազատ առևտրի համաձայնագրի բանակցությունների ընթացքը:
Անդրադարձ է կատարվել մի շարք ապրանքների պիտակավորման, միության տարածքում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին վերաբերող հարցերին, քննարկվել են նաև մաքսային ոլորտում տեղեկատվական փոխգործակցության և միության միասնական նորմատիվ-տեղեկատվական համակարգին առնչվող հարցեր:
Նիստի օրակարգում էր նաև միասնական մաքսային տարածք որոշ ապրանքների ներմուծման դեպքում մաքսատուրքերի նվազեցման հարցը:
Հիշեցնենք` այսօր աշխատանքային այցով Ղազախստան է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ղազախստանի մայրաքաղաք Նուր–Սուլթանում Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ համաձայնագրի ստորագրման 5-ամյակին նվիրված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։