ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի գրասենյակը կոչ է արել ՀՀ նոր իշխանություններին, որոնք ունեն ՀՀ քաղաքացիների մեծամասնության քվեն ու վստահությունը, չդիմել անպատվաբեր քայլերի։ Այս մասին նշված է գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
«Հեղափոխության առաջին իսկ օրերից մենք տոգորված էինք այն հույսով, որ ի վերջո գալիս է նորը, արդարը, որը մերժում է ոչ միայն հին անձերին, այլ նաև հին բարքերն ու համակարգը։ Սակայն այն, ինչին բախվեցինք վերջին օրերին գրեթե կոտրեց այդ պատկերացումները։ ՊԲ –ն ցուցակագրել է բոլոր սպաներին, նրանց պարտադրել ստորագրել մի հրամանի տակ, որը ի դեպ կոծկել են ԱՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի 2 կետի պահանջներով՝ ԶՈւ քաղաքական հարցերում պահպանում է չեզոքություն»,– նշված է հայտարարության մեջ։
Ըստ այդ հրամանի` սպաներն իրավունք չունեն Արցախում մասնակցել որևէ քաղաքական պրոցեսների, սակայն սրա հետ միասին նրանց զրկել են մասնակցել հանդիպումների, ստորագրահավաքների։ Ի դեպ, այն հանդիպումների, որոնք քաղաքական բնույթ չեն կրում ու այն ստորագրահավաքների, որոնք ակնկալում են սահմանադրության փոփոխություններ։
Սամվել Բաբայանի գրասենյակը հայտնում է, որ զինվորական սպան, բացի արտաքին թշնամու դեմ պայքարելուց, հանդիսանում է նաև այս երկրի անվտանգության երաշխավորը։
«Եթե սպային զրկում եք իր երկրի ներքին կյանքում Սահմանադրությունով հաստատված քաղաքացու իր իրավունքները կիրառելուց, արժեզրկում եք այն ուսադիրները, որոնք նա կրում է այդ նույն երկրի անվտանգ կյանքը ապահովելու համար։ Դուք զրկում եք սպային, զինվորականին իր պաշտպանած ու պահպանած երկրում քաղաքացիական դիրքորոշում ունենալուց, ինչն օրենքի կոպտագույն խախտում է, դա քաղաքացու իրավունքների ոտնահարում է»,–նշված է հայտարարության մեջ։
Սամվել Բաբայանի գրասենյակն իր հայտարարությունն ամփոփել է` ասելով, որ շատ ավելի գովելի կլիներ, եթե ՀՀ իշխանություններն ուղղակի ազնվորեն հայտարարեին, թե ում են սատարում Արցախում և հօգուտ ում են արվում այս անօրինական զոհողությունները։
Ի դեպ, կոչը ուղղել են ՀՀ իշխանություններին, որովհետև առանց ՀՀ ՊՆ գիտության, Արցախի ՊԲ-ն որևէ իրավասություն չունի հրամաններ կիրառելու։
Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանը պատրաստվում է մասնակցել Արցախի 2020 թ–ի նախագահական ընտրությանը։