Դատավոր Ազարյանի գիտական աշխատանքը չի քննարկվի, Տարոն Մարգարյանի վերաբերյալ էլ փաստեր չկան

Նախկին համակարգում ընդունված էր իրենց հարսին կամ տղային ծննդյան կամ հարսանիքի առիթով դիսերտացիա նվիրելը։ ԱԺ–ում քննարկվում է գիտական կոչումները գրագողությամբ կամ պատվիրված դիսերտացիայով ստանալու հարցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի — Sputnik. Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը կոչ արեց գրագողության խնդիրը քննարկել առավելապես օրենսդրական հարթության մեջ` չկապելով դատավոր Ալեքսանդր Ազարյանի գիտական աշխատության մասին վերջին օրերին տարածված տեղեկություններին։

Այդուհանդերձ, Մխիթար Հայրապետյանն իր բացման խոսքում ինքն էլ անդրադարձավ դատավոր Ազարյանի գիտական աշխատության խնդրին` հիշեցնելով, որ այդ մասին իր հայտարարության մեջ օրեր առաջ ինքը ոչ թե մեղադրել էր դատավորին գրագողության մեջ, այլ միայն մեջբերել Բարձրագույն որակավորման կոմիտեի դիրքորոշումը։

«Հյուսիս–Հարավ» ծրագրում «անապրանք» գործարքներ են բացահայտվել. դատախազություն

«Ես կարծում եմ, որ ԱԺ պատգամավորի գործը չէ այս կամ այն դատավորին մեղադրելը կամ գնահատական տալը։ Մենք գտնում ենք, որ այսօրինակ նիստերը պետք է դիտարկել բացառապես պրոֆեսիոնալ տիրույթում,– ասաց նա։

Մխիթար Հայրապետյանը նաև շեշտեց, որ քաղաքակիրթ աշխարհում գրագողության բացահայտման պարագայում, նույնիսկ բարձրաստիճան պաշտոնատար անձինք անմիջապես հրաժարականի դիմում են ներկայացնում։ «Եվ մենք գտնում ենք, որ Հայաստանը ևս այս իմաստով պիտի քաղաքակիրթ աշխարհի մասը դառնա»,– ասաց նա։

ԱԺ գիտության, կրթության հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ևս իր ելույթում շեշտեց, որ հանձնաժողովի նիստի օրակարգի վերաբերյալ մամուլում ու հանրության շրջանում շահարկումներ եղան, որ այն դատավոր Ազարյանի հետ կապված քննարկում է։

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը նշեց, որ գիտական աշխատություններում գրագողության խնդիրը հասունացել է և ժամանակն է դրան նաև իրավական լուծում տալու։

«Դա հատկապես բնորոշ էր նախորդ համակարգին, երբ մարդիկ ամեն ինչ ունենալուց բացի, փորձում էին իրենց հարսին կամ տղային ծննդյան կամ հարսանիքի առիթով նաև դիսերտացիա նվեր տալ։ Եվ դա դիտվում էր որպես կոչումներ շռայլելու ատիրբուտ։ Դա ևս մի արատավոր երևույթ էր. եթե մարդը չի զբաղվելու գիտությամբ, ինչի՞ համար էր նրան պետք գիտության թեկնածուի կամ դոկտորի կոչումը»,– ասաց Հովհաննիսյանը։

Նա շեշտեց, որ այս արատավոր երևույթի պատճառով գիտությունը տարիներ շարունակ տուժել է, բայց ՀՀ նոր իշխանությունն այլևս աչք չի փակելու գրագողությունների վրա։

Հովհաննես Հովհաննիսյանն իր ելույթում նշեց, որ դատավոր Ազարյանի գիտական աշխատության շուրջ քննարկումների համատեսքստում հարց բարձրացվեց, թե ինչու չի քննարկվում նաև Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի դիսերտացիայի հարցը։

ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանում դատավոր է ձերբակալվել

«Պետք է ասել, որ անդրադարձ եղել է, բայց երբ աշխատանքի մեջ գրագողության դեպքեր չեն հայտնաբերվում (միգուցե մենք բոլորս համոզված ենք, որ այդ աշխատանքը գրվել է ուրիշի կողմից), մենք չենք կարող մեղադրանք առաջադրել մարդուն, երբ չկա կոնկրետ փաստ»,– ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ ուրիշի համար դիսերտացիա գրելը ևս քննարկման ենթակա խնդիր է։

Հիշեցնենք` ԱԺ–ում այսօր հրավիրվել է «Գրագողության դեմ պայքարի օրենսդրական հնարավոր լուծումները» թեմայով Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որի վերաբերյալ մամուլում ու քաղաքական շրջանակներում մեկնաբանություններ արվեցին, որ քննարկումը նվիրված է լինելու Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին։

Բանն այն է, որ Ազարյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին 1–ին անգամ կալանքից ազատած դատավորն է։

Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը Հ1–ի եթերում հայտարարել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն իր 160 էջանոց ատենախոսության մի մասն արտագրել է Վերաքննիչ դատարանի նախագահի Վազգեն Ռշտունու ատենախոսությունից։