ՌԱԴԻՈ

Արամյան. «Հարությունյանի հրաժարականը կարող է ազդարարել իրավիճակի հանգուցալուծման սկիզբը»

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականն իրավագետ Հայկ Արամյանը պայմանավորում է դատական համակարգի շուրջ տեղի ունեցած վերջին զարգացումներով, այն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով դատարանների շենքերի շրջափակմամբ։
Sputnik

 Sputnik Արմենիայի հետ զրույցում իրավագետը նշեց, որ դատական համակարգում կուտակված են խնդիրներ, որոնք պահանջում են անհապաղ լուծումներ։

«Գագիկ Հարությունյանի հրաժարականն ինչ-որ տեղ կարող է ազդարարել իրավիճակի հանգուցալուծման սկիզբը»,-կարծում է իրավագետ Հայկ Արամյանը։

Գագիկ Հարությունյանի հրաժարականն 1-ին քայլն է. բարեխիղճ դատավորները վախենալու առիթ չունեն

Նրա խոսքով` Հարությունյանն իր հրաժարականով ցույց տվեց, որ իր համար դատական համակարգի բարեփոխումներն առավել են, քան նեղ անձնական շահերը։

«Կարծում եմ, Գագիկ Հարությունյանի այս քայլը պետք է բարձր գնահատել»,-ասում է Արամյանը։

Խոսելով ԲԴԽ–ն լուծարելու մասին մամուլում առկա տեղեկություններից` Հայկ Արամյանը կարծիք հայտնեց, որ այդ գործընթացը հարկ է սկսել սահմանադրական փոփոխություններից, քանի որ ԲԴԽ–ն սահմանադրական մարմին է։ Դրա ձևավորման կարգն ու լիազորությունները սահմանված են Սահմանադրությամբ։ Մինչդեռ, սահմանադրական փոփոխությունների գործընթաց այսօր Հայաստանում չկա։