ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի- Sputnik. Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ընթացքում հնչեցված սպառնալիքների գործով կա բերման ենթարկված անձ։
Այս լուրը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատվեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
«Ազատության հրապարակում մայիսի 25–ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հնչեցված սպառնալիքներ պարունակող արտահայտությունների գործով բերման է ենթարկվել քաղաքացի Ջ.Ա.-ն: Նյութեր են նախապատրաստվում»,–ասաց Ջանոյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ կատարված արարքում հանցագործության հատկանիշներ պարզելու ուղղությամբ ոստիկանությունն իրականացնում է ստուգում քրեադատավարական գործողություններով։
Ջ. Ա.–ի հայտարարությանն անդրադարձել էր նաև Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը: Իր Facebook-յան էջում նա դիմում է ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանին՝ պահանջելով ուսումնասիրել հանրահավաքի ընթացքում հնչեցված սպառնալիքները ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ և պահանջում է նախապատրաստել նյութեր։
Գրառմանը կից Ղարամյանը ներկայացրել է նաև հավաքի տեսաձայնագրությունը, որում երևում է բռնության կոչեր հնչեցրած անձը:
Նշենք, որ երեկ՝ մայիսի 25-ին հանրահավաքի կազմակերպիչներից Ջիվան Աբրահամյանը (ՀՀ Ազգային հերոս Ջ իվան Աբրահամյանի եղբորորդին) հայտարարել էր, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։