Դատավորները ծրագրում են ժողով հրավիրել ու անվստահություն հայտնել ԲԴԽ–ին. «Ժողովուրդ»

Թերթի տեղեկություններով` առաջիկայում դատական համակարգում նոր զարգացումներ են սպասվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Դատական համակարգից «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկություններով` առաջիկայում դատավորների ժողով է հրավիրվելու, որտեղ չի բացառվում` դատավորները անվստահություն հայտնեն ԲԴԽ բոլոր անդամներին:

«Դատական համակարգում խոսակցություններ կան, որ խնդիրը կամ իրենց պայքարը միայն ԲԴԽ նախագահի դեմ չի եղել, ուստի եթե խոսքը վերաբերում է դատաիրավական ոլորտի կարգավորմանը, ապա ԲԴԽ բոլոր անդամներն էլ պետք է հրաժարականի դիմում ներկայացնեն»,– գրում է թերթը։

Իսկ թե ինչ զարգացումներ կստանա դատական համակարգում սկսված գործընթացն ու ինչ ճակատագրի կարժանանան ԲԴԽ մյուս անդամները, թերթը խորհուրդ է տալիս սպասել իրադարձությունների զարգացմանը։

Հիշեցնենք` երեկ` մայիսի 24-ին, հրաժարականի դիմում էր ներկայացրել ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը։ Ըստ օրենքի` նրան ժամանակավորապես փոխարինել է ԲԴԽ տարիքով ամենաավագ անդամը` արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը։