Օպերային աստղ Վերոնիկա Ջիոևան ելույթ կունենա Հայաստանում

Վերոնիկա Ջիոևան Երևանում ելույթ կունենա դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Առաջին անգամ Հայաստանում մենահամերգով ելույթ կունենա համաշխարհային օպերայի աստղ, վաստակավոր արտիստ Վերոնիկա Ջիոևան:

Աշխարհի լավագույն բեմերը գրաված երգչուհին, ում կատարումները բարձր են գնահատել The New York Times-ը և այլ հեղինակավոր պարբերականներ, ելույթ կունենա դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։

Մեծ պրեմիերա. Ստանիսլավսկիում 21–րդ դարում առաջին անգամ կբեմադրվի «Ռոմեո և Ջուլիետ» պիեսը

«Աշխարհի լավագույն օպերային երգչուհիներից մեկն ինքն է հետաքրքրվել մեր նվագախմբով։ Մենք չէինք կարող բաց թողել նման հնարավորությունն ու նրան Հայաստան չհրավիրել։ Մեծ սիրով սպասում ենք նրան Երևանում», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ֆիլհարմոնիկ նվագախմբի մենեջեր Աստղիկ Դալլաքյանը։

Մինչ այդ` մայիսի 27–ին, Վերոնիկա Ջիոևան կհանդիպի հայաստանցի լրագրողների հետ ու կպատասխանի նրանց հարցերին։

Օպերային երգչուհի Վերոնիկա Ջիոևան ծնվել է 1979 թվականին Հարավային Օսեթիայում։ Հյուսիսային ու Հարավային Օսեթիայի ժողովրդական արտիստ է։ 2006 թվականին ընդունվել է Նովոռոսիյսկի օպերայի և բալետի թատրոն։

2011 թվականին նա մասնակցել է «Մեծ օպերա» օպերային երգիչների համառուսական հեռուստամրցույթին ու առաջին տեղն է զբաղեցրել։ 2012 թվականին եղել է Մեծ թատրոնի հրավիրված մենակատարը։