ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Oպերային թատրոնի կոլեկտիվը դեմ է Նազենի Ղարիբյանին կառավարման խորհրդի նախագահ նշանակելուն։ Ասված է կոլեկտիվի տարածած հայտարարության մեջ։
Այդ հարցի վերաբերյալ մայիսի 27-ին, ժամը 14:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա աշխատանքային կոլեկտիվի ժողով, որին հրավիրվում են Թատրոնի կառավարման խորհրդի անդամները:
Հիշեցնենք` մայիսի 22-ին կայացել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում եղել է թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցը։ Քվեարկության արդյունքներով՝ օպերային թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը։
Թատրոնի կոլեկտիվը հայտնում է, որ քվեարկության արդյունքների վերաբերյալ ունի հիմնավոր և արդարացի անհամաձայնություն: