ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ մշակույթի նախարարությունից։
«Մայիսի 22-ին կայացել է օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի հերթական նիստը։ Նիստի օրակարգում եղել է թատրոնի կառավարման խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցը։ Քվեարկության արդյունքներով՝ օպերայի թատրոնի կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Նազենի Ղարիբյանը»,– նշված է նախարարության հայտարարության մեջ։
Օպերայի թատրոնի կառավարման խորհրդի քարտուղար է ընտրվել թատրոնի բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ օպերայի թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։
«Երեկ դատարան եմ դիմել Նազենի Ղարիբյանի դեմ հայցով` իմ պայմանագրի գործողությունն անօրինական կերպով դադարեցնելու, ինձ պաշտոնից (թատրոնի տնօրեն` խմբ.) անօրինական կերպով հեռացնելու հարցով, ինչպես նաև վարչապետի դեմ հայցով` կապված Ղարիբյանին նախարարի պաշտոնակատար նշանակելու որոշման հետ», – ասել է Օրբելյանը։
Նա նշել է, որ Փաշինյանն իրավունք չուներ Ղարիբյանին նշանակել մշակույթի նախարարի պաշտոնակատար, քանի որ նա այլ երկրի քաղաքացի է։