Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Նազենի Ղարիբյանին

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը պարզաբանել է, թե ինչու է դատի տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը դատի է տվել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին։ Օրբելյանն այս մասին հայտնեց Sputnik Արմենիայի թղթակցին։

«Երեկ դատարան եմ դիմել Նազենի Ղարիբյանի դեմ հայցով` իմ պայմանագրի գործողությունն անօրինական կերպով դադարեցնելու, ինձ պաշտոնից (թատրոնի տնօրեն` խմբ.) անօրինական կերպով հեռացնելու հարցով, ինչպես նաև վարչապետի դեմ հայցով` կապված Ղարիբյանին նախարարի պաշտոնակատար նշանակելու որոշման հետ», – ասաց Օրբելյանը։

Նա նշեց, որ Փաշինյանն իրավունք չուներ Ղարիբյանին նշանակել մշակույթի նախարարի պաշտոնակատար, քանի որ նա այլ երկրի քաղաքացի է։

Հիշեցնենք` Օրբելյանը մարտի 26-ի երեկոյան մշակույթի նախարարությունից նամակ էր ստացել, որ ապրիլի 1-ից այլևս չի զբաղեցնելու տնօրենի պաշտոնը։ Թատրոնի կոլեկտիվը ապրիլի 1–ին բողոքի ակցիա էր կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Արտիստները հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ու խոստացել էին հակափաստարկներ ներկայացնել ի պաշտպանություն տնօրենի ու գեղարվեստական ղեկավարի։

Նազենի Ղարիբյանն ավելի վաղ Sputnik Արմենիային հայտնել էր, որ Օրբելյանին ազատելու երեք պատճառ կա, որոնցից մեկն էլ հայերեն չիմանալն է։