«Քարդաշյանների ընտանիքը թող Բաքու մեկնի». Քիմը Մխիթարյանի պատճառով սկանդալի մեջ է հայտնվել

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հարձակումների զոհ է դարձել, քանի որ չի միջամտել Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված սկանդալին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի — Sputnik. Լոնդոնյան «Արսենալի» երկրպագուները թրոլինգի են ենթարկել ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին։

Հենրիխ Մխիթարյանի պատճառով Իռլանդիայի արդարադատության նախարարը քննադատել է ՈւԵՖԱ–ին

Ամենահայտնի հայուհուն մեղադրել են, որ չի պաշտպանել «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։ Երկրպագուների կարծիքով` Քարդաշյանը պետք է ուղերձ հղեր ու ավելի լայն արձագանք տար Բաքվի հետ կապված սկանդալին։

Ավելի վաղ լոնդոնյան «Արսենալը» քննադատել էր ՈւԵՖԱ–ին Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար։ Մայիսի 21–ին ֆուտբոլային ակումբը հայտարարել էր, որ ակումբի կիսապաշտպան, Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնի։ Զինագործները մտավախություն ունեն, որ Մխիթարյանը կարող է Ադրբեջան մուտք գործելու հետ կապված խնդիրներ ունենալ, քանի որ ՀՀ քաղաքացիներն ու այլ երկրների` հայկական ազգանուններ ունեցող քաղաքացիները նախկինում արդեն բախվել են նման դժվարությունների։ Մխիթարյանն արդեն երկու անգամ բաց է թողել Եվրոպայի գավաթի խաղերը ադրբեջանական թիմերի հետ։

Ի՞նչ կլիներ, եթե Մխիթարյանը մեկներ Բաքու. Հենոն ճիշտ որոշում է կայացրել

Երկրպագուները մեղադրել են հեռուստաաստղին, որ Քարդաշյանն օգտագործում է իր հայկական ծագման թեման, երբ ձեռնտու է (օրինակ` լեգենդար Շերի հետ հանդիպելու համար) կամ ապրիլի 24–ին, երբ նա Ցեղասպանության մասին հրապարակումներ է անում։

​Ոմանք նույնիսկ առաջարկել են Քիմին օգտագործել ամուսնուն` հայտնի ռեփեր Քանյե Ուեսթին, որն իր հերթին կարող է ուղղակիորեն դիմել նախագահ Դոնալդ Թրամփին։

​Twitter-ում հրապարակված ամենածիծաղելի առաջարկը սա է. «Եկեք պահանջագիր ներկայացնենք, որ Քարդաշյանների ամբողջ ընտանիքը մեկնի Բաքու, գնի մնացած բոլոր տոմսերն ու երկրպագի Հենրիխին։ Թող բոլոր ցանկացողներին էլ Հենոյի անունով շապիկներ բաժանեն»։

Քարդաշյան ընտանիքի ներկայացուցիչները դեռ չեն արձագանքել այս թեմային։